18.05.2024 10:59
  • 18.05.2024 10:59

Բավակա’ն է, «խխունջացած» մի՛ ապրեք, սա Կիրանցի խնդիրը չէ, սա հայոց պետականության վճռորոշ ժամն է. Բագրատ Սրբազանը դիմել է ժողովրդին ու զինվորականներին

By 27.04.2024 14:44 0

Ժա՛մն է, ձեր ձայն բարձրացրեք, խոսեք ճշմարտության մասին, ընդվզե’ք բոլոր օրինական միջոցներով։ Այս մասին այսօր Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով ՀՀ բոլոր քաղաքացիներին։

«Բավակա’ն է, «խխունջացած» մի՛ ապրեք, ամեն օր տուն գնալուց մտածեք ձեր խղճի, ինքնասիրության ու ինքնության մասին, մտածեք, որ երեխաներն այստեղ գիշեր-ցերեկ Ձեզ համար արցունքախառն կանգնած են։ Սա Կիրանցի խնդիրը չէ, իրենք կարող են գնալ ուրիշ տեղ հանգիստ ապրել, սա Հայաստանի Հանրապետության և հայոց պետականության վճռորոշ ժամն է», – ասաց Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ հոգևորականությունն այսօր պաշտպանում է իր ժողովրդի շահերը, դժբախտաբար, իր իսկ սեփական կառավարությունից ու պետությունից։

Անդրադառնալով նախօրեին զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, Բագրատ Սրբազանը նշեց, որ զինվորականները հուզված վիճակում են հայտնվել այնտեղ։

«Տեղի պայմանագրային զինծառայողներն են, այս հող ու ջրի մարդիկ, այդ հուզականության մեջ ինչքան կամք պետք է ունենային, որ ինչ-որ ձևով չարտահայտեին։ Իրենց համազգեստով են արտահայտել և այսօր նույնիսկ ասում են, որ զղջացել են։ Ես դա զղջում չեմ համարում, համարում եմ անդրադարձ։ Այո՛ պետք չէ, որ զինվորականությունը, որը կոչված է սահմանը պահպանելուն ու պաշտպանելուն, իրենց բնութագրմամբ, քաղքական պրոցեսների մասնակցի։ Պետք չէ նաև, որ երեխաները մասնակցեն, բա այդ երեխաներն ու կանաք քաղաքական պրոցեսի ե՞ն մասնակցում, այսքան ժողովուրդ քաղաքական պրոցեսների է՞ մասնակցում։ Ո՛չ, ճշմարտության դատին են մասնակցում», – նշեց Տավուշի թեմի առաջնորդ՝ հավելելով, որ այդ զինվորականներն էլ չեն կարողացել անտարբեր անցնել։

«Այդ տղաների մասնակցությունը մենք ընդունում ենք որպես հուզական դրսևորում, և որևէ կերպ իրենք քրեական կամ այլ պատասխանատվության ենթակա չեն կարող լինել», – հավելեց նա՝ միևնույն ժամանակ դիմելով զինվորականներն և հորդորելով ոչ թե արձագանքել տրված հրամանների, այլ իրենց վարքով կանխել անօրինական հրամանները։

34 դիտում