05.05.2024 02:32
  • 05.05.2024 02:32

Գրագետ ինքնապաշտպանություն

By 19.04.2024 20:38 0

Այդ դասի թողած տպավորությունը երբեք չի լքի ինձ: Հրավիրված էի նախնական զինվորական պատրաստության դասի, որը վարող զինղեկը ոչ թե գրքերից քաղած երևակայական բաներով էր լցնում աշակերտների գլուխները, այլ նրանց պատրաստում էր իրական պարտիզանական մարտերի:

– Դուք պիտի գիտակցեք, որ թուրքական զորամասերը կարող են հայտնվել մեր քաղաքների փողոցներում, լցվել շենքերի շքամուտքերը, ու պիտի պատրաստ լինեք հարևաններով կազմակերպել ձեր շենքի պաշտպանությունը: Այժմ, քանի որ բոլորիդ ընտանիքներն էլ արդեն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, պիտի սովորեք դրանք ճիշտ գործածել թշանամու դեմ: Ինչո՞ւ եք ապուշի նման նայում վրաս: Օրինակ դո՛ւ, Աշոտիկ, ասա տեսնեմ, հայրիկդ քանի՞ արկղ ձեթ է պահեստավորել: Երեսո՞ւն, հրաշալի է: Դրանք այսօր ևեթ կտեղափոխեք պատշգամբ ու հերթապահություն կսահմանեք պատշգամբում: Երբ տեսնեք, որ թուրքական ջոկատը ուզում է մտնել շքամուտք, քույրիկներիդ ու տատիկիդ հետ ձեթի շշերը նետեք նրանց վրա: Ի՞նչ ես գռմռում քթիդ տակ:

– Բա ափսոս չի՞ այդքան ձեթը:

– Հիմար բան ես ասում, եթե թուրքերը մտան շենք, ամեն ինչ գրավելու են, ձեզ էլ հետը:

– Իսկ չի լինի՞ գոնե շշերի տաս տոկոսը շպրտենք դրանց վրա:

– Ինչո՞ւ տասը տոկոսը:

– Բա ինչո՞ւ մեր ղեկավարները Իսկանդերի տաս տոկոսը կրակեցին:

– Որովհետև դրանք տասը տոկոսանոց ղեկավարներ են: Դուք պիտի հարյուր տոկոսով պաշտպանվեք, դեռ մի բան էլ ավելի: Էլ չհակաճառե՛ս:

Հիմա անցնենք քեզ, Անուշիկ: Հորդ բերած ամբողջ ալյուրը արդեն կերե՞լ եք: Դեռ քսան պարկ կա՞: Շա՛տ լավ է: Ուրեմն ձեր գործողությունները պիտի համակարգված լինեն: Հենց տեսնեք, որ Աշոտիկենք ձեթի շշերը նետում են, առանց խուճապի բացեք պարկերը ու ալյուրը թափեք թուրքերի վրա: Ալյուրը կլցվի դրանց աչքերը, քիթն ու ականջները ու դրանք կկորցնեն տեղանքում կողմնորոշվելու ունակությունը: Այդ պահին էլ հարկավոր է հասցնել վերջնական ու վճռական հարվածը: Վարդուշի՛կ, ի՞նչ եղան մայրիկիդ փակած պահածոները: Ի՞նչ, ուռե՞լ են: Սքանչելի է. ուռած պահածոները ավելի ուժգին են պայթում, քան չուռածները: Նույնիսկ պատահում է, որ առանց շպրտելու են պայթում: Ուրեմն, հենց Անուշիկենք ալյուրը լցնեն, անմիջապես պահածոների բանկաները նետեք ցած ու գործը վերջացրեք: Բայց մայրիկիդ կասես թող այն թթու վարունգից մի բանկա պահի: Կհիշե՞ս:

– Բայց, ընկեր զինղեկ, ավելի ճիշտ չի՞ լինի զանգենք ոստիկանություն:

– Դու ավելի հիմար ես, քան Աշոտիկը: Եթե զանգես ու ոստիկանները գան՝ դուք այդքան պաշար ունե՞ք, որ լցնեք համ թուրքերի, համ էլ ոստիկանների վրա: Կանեք այնպես, ինչպես ես եմ ասում: Ու թեմայից էլ մի շեղվիր, թթու վարունգի մասին չմոռանա՛ս: Մայրիկիդ կասես, որ արաղը հետս կբերեմ:

Կարո Վարդանյան

44 դիտում