Խուզարկվել է այն լեզվաբան-փորձագետի բնակարանը, ով կարծիք է հայտնել, որ Սամվել Կարապետյանի՝ «մեր ձևով» հայտարարության մեջ ոչ միայն իշխանություն զավթելու, այլև առհասարակ որևէ կոչ չկա. ՔԻՀԿ
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի փաստաբանները հայտնեցին վարույթում կարծիք ներկայացրած լեզվաբան-փորձագետի նկատմամբ իրականացվող ճնշումների մասին
Պաշտպանները հայտնեցին, որ նախօրեին խուզարկվել է նրա բնակարանը։
Փորձագետը եզրակացրել էր, որ Ս․ Կարապետյանի՝ քրեական վարույթի հիմք դարձած հայտարարության մեջ ոչ միայն իշխանություն զավթելու, այլև առհասարակ որևէ կոչ չկա։
Ըստ Ս․ Կարապետյանի պաշտպանների՝ վարույթում ընդգրկված փորձագետի բնակարանում խուզարկությունն աննախադեպ է։
Թեև Ս․ Կարապետյանի վարույթում ներգրավված են 53 քննիչ՝ մինչ այժմ գործը դատարան չի ուղարկվել և նման գործողությունները նաև վարույթը ձգձգելու նպատակ են հետապնդում։
Այն, որ ճնշման է ենթարկվում պաշտպանական կողմի նախաձեռնությամբ ներգրավված փորձագետը, խնդրահարույց է կողմերի մրցակցության սկզբունքի տեսակետից։
Այն կարող է սառեցնող/զսպող ազդեցություն (chilling effect) ունենալ տարբեր ոլորտների մասնագետների վրա և կաշկանդել նրանց առհասարակ իրավական պրոցեսներին մասնակցելու և անաչառ մասնագիտական կարծիք հայտնելու տեսակետից, եթե վարույթին ներգրավելու նախաձեռնությունը պաշտպանական կողմինն է եղել, ոչ թե քննիչինը։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն