18.05.2024 11:19
  • 18.05.2024 11:19

Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ մեկնելուց

By 03.05.2024 17:55 0

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ մեկնելուց, քանի որ Նահանգները այցի համար դրել են պայման՝ դադարեցնել «օտարերկրյա գործակալների մասին» հայտնի օրինագծի ընդունումը:

Վրաստանի ԱԳՆ հայտարարել է, որ պայմաններ դնելը անընդունելի է եւ չի համապատասխանում գործընկերության ոգուն:

Թբիլիսիի դիրքորոշումը օրինակելի է: Ինքնիշխանությունը սեփական պետության կենսագործունեության ռեժիմի, այլ ոչ թե աշխարհաքաղաքական «տանիքի» ընտրությունն է:

Իհարկե, ինչպես արեւմտյան քարոզչությունն է բարձրաձայնում, այնպես էլ Հայաստանում շատերը համոզված են՝ նաեւ այդ քարոզչության ազդեցության տակ, որ Վրաստանի ընդունած օրենքը «Կրեմլի օրենք» է:

Նկատեմ միայն, որ այդպիսի «Կրեմլի օրենք» գործում է նույն Միացյալ Նահանգներում, գործում են ժողովրդավարական համարվող տարբեր այլ երկրներում: Եվ նորմալ է, որ գործում են, քանի որ ցանկացած երկիր էլ փորձում է ձեւավորել մեխանիզմներ, որոնք թույլ կտան հնարավորինս ապահովագրվել քաղաքական գործընթացներին օտարերկրյա «քողարկված» ազդեցությունից:

Նույն Միացյալ Նահանգները, նույն Եվրամիությունը հարկ եղած դեպքում շատ հանգիստ սահմանափակում են խոսքի ազատությունը, եթե այդ խոսքը չի տեղավորվում իրենց համար վերահսկելի ինստիտուցիոնալության շրջանակում: Հենց այս օրերին խոսում են Տիկ Տոկի արգեկափակման կամ սահմանափակման մասին: Նահանգները ավելին՝ չինացիներին հորդորել է վաճառել Տիկ Տոկի ամերիկյան կառույցը, հակառակ դեպքում սպառնալով սահմանափակումներով:

Այլ կերպ ասած, ցանկացած երկիր փորձում է պաշտպանվել արտաքին քաղաքական ազդեցություններից: Նույնը անում է Վրաստանը: Բնական է, որ այստեղ միայն պետական շահի հարց չէ, այլ նաեւ Վրացական երազանքի քաղաքական շահի հարց, իշխանության հարց: Բայց, այս դեպքում էլ, աշխարհում չկա որեւէ նորմալ պետություն, որտեղ իշխանությունը չի գործում նաեւ իր իշխանական շահով:

Պարզապես, ինչպես կա ռուսական պրոպագանդա, այդպես էլ կա արեւմտյան պրոպագանդա՝ փաթեթավորումներն են տարբեր: Եթե ռուսական պրոպագանդայի համար ամեն ինչ, որը ենթակա չէ իրենց շահերին, հռչակվում է արեւմտյան ծրագիր, նույն կերպ էլ արեւմտյան պրոպագանդայի համար՝ լիբերալ գլոբալիզմի ոգուց դուրս որեւէ բան հռչակվում է ռուսական կամ տոտալիտար:

Վրաստանը այժմ փորձում է դիմակայել եւ պահել ինքնիշխանություն, ինչը կարող է օրինակելի լինել Հայաստանի համար:

Իհարկե նկատեմ, որ Վրաստանն այս տեսանկյունից ունի առնվազն մեկ առավելություն, կամ, թե երեւս՝ երկու: Նախ, անզեն աչքով էլ տեսանելի է, որ համեմատելի չէ Վրաստանի ներկայիս կառավարող ուժի առաջնորդների եւ դերակատարների քաղաքական պատրաստվածության եւ կոմպետենտության աստիճանը: Եվ երկրորդ՝ Վրաստանն չունի ադրբեջանական ագրեսիայի ընթացիկ վտանգ, ինչը իհարկե ճկունության լրացուցիչ ներուժ է:

25 դիտում