18.05.2024 14:35
  • 18.05.2024 14:35

Ալիևը կերտում է ադրբեջանական հանրային գիտակցություն, հասարակական ինքնություն, պետական ինքնություն, իսկ մե՞նք․ Հակոբ Բադալյան

By 01.05.2024 18:51 0

Հայկական տեղեկատվական տիրույթում նշվում է, որ Բաքվում տեղի է ունեցել «Արեւմտյան Ադրբեջան» հեռուստաալիքի բացումը:

Բաքվի քաղաքականության, նկրտումների եւ այլնի մասին այդ ալիքով չէ, որ պետք է կարծիք կազմենք կամ անենք եզրակացություններ: Ինքս Ադրբեջանի քաղաքականության, նպատակների, մոտիվների, մղումների վերաբերյալ գրում եւ արտահայտվում եմ պարբերաբար, ներկայացնելով իրավիճակը իմ դիտանկյունից:

Հիմա այս առիթով ուզում եմ խոսել այլ բանի մասին:

Ի՞նչ է անում Ալիեւը այդօրինակ քայլերով: Իհարկե շատ բաներ: Դրանք ունեն շատ շերտեր, եւ դրանցից կարեւորներից մեկը՝ նա կերտում է Ադրբեջանական հանրային գիտակցություն, հասարակական ինքնություն, պետական ինքնություն:

Մի կողմ թողնենք՝ դա դուրս է գալիս մեզ, դուր չի գալիս, սպառնալիք է մեզ, սպառնալիք չէ եւ այլն: Դա մեր խնդիրն է, ոչ թե իր:

Իսկ ի՞նչ ենք անում մենք: Օրինակ հենց նույն մեդիատիրույթում, մասնավորապես հեռուստատեսային տիրույթում: Ինչ ենք արել տարիներ շարունակ եւ ինչ ենք անում առ այսօր: Որեւէ մեկը կարո՞ղ է թվարկել Հայաստանում մի հեռուստաալլիք, որը իրականացնում է հանրային, պետական գիտակցության ու ինքնության կերտման հետեւողական քաղաքականություն:

Ինչո՞վ է լցված եղել ու ինչով են լցված մեր հեռուստադաշտը այսօր: Անմակարդակ հումորի ու երգիծանքի մասին գրառում արեցի նախօրեին: Իսկ մյու՞ս ժանրերը: Մենք օրինակ շատ երկար քննարկում ենք պատմության դասագրքի հարցը: Եվ ճիշտ ենք անում:

Իսկ հեռուստադաշտի հարցը: Էլ չեմ ասում, որ դրան ավելացել է արդեն յություբյան սեգմենտը, որտեղ եզակի, խիստ եզակի հնարավոր բացառություններով հանդերձ գործում է ընդամենը մեկ սկզբունք՝ ինչո՞վ է հնարավոր հաշվիչը հասցնել 100 հազար եւ ավելիի, կամ գոնե մոտեցնել դրան: Իսկ, թե այդ ամենը ուր կհասցնի հանրային գիտակցությունը, հասարակական հարաբերությունների համակարգը, հասարակական ինքնության, ինքնաճանաչողության, աշխարհաճանաչողության աստիճանը՝ որեւէ մեկին հետաքրքիր չէ:

Կամ պաթոսախեղդ ինքնագնահատականներ, կամ «գերռացիոնալ» ինքնանվաստացում ու ինքնախարազանում:

Սա է կերտվել ու կերտվում մեր հեռուստադաշտով, մնացյալն էլ իհարկե համեեմվելով արդեն արտաքին քարոզչության կամ ներքաղաքական կոնյուկտուրայի առատ սերմերով:

Հակոբ Բադալյան

32 դիտում