18.05.2024 10:32
  • 18.05.2024 10:32

Հայոց եկեղեցին միակ կառույցն է, որն իր մեջ կրում է պետականության գաղափարը, դրա համար այսօր թիրախավորված է. Աննա Մայիլյան

By 01.05.2024 15:01 0

Եկեղեցու թիրախավորումը պայմանավորված է հայտնի պատճառներով, ի վերջո, հենց եկեղեցին է իր վրա վերցնում ժողովրդին փրկելու առաջնորդությունը: HayqNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգչուհի  Աննա Մայիլյանը:

«Եկեղեցին դա միշտ է արել, բոլոր ժամանակներում: Եվ եկեղեցին է միակ կառույցը, միակ ինստիտուտը, որն իր մեջ կրում է պետականության գաղափարը: Եվ իհարկե, այս ճգնաժամում, որը մենք տեսնում ենք, որում ապրում ենք, բնական է, որ եկեղեցին պետք է իր դերն ունենա և առաջնորդի ժողովրդին: Եվ որպես առաջին քրիստոնյա պետություն, իհարկե, պետք է խոսք ասեն հոգևորականները, և քրիստոնյա առաջին ազգը պետք է լինի Աստծո կողքին և ընտրի Աստծուն՝ որպես առաջնորդի»,- ասաց Աննա Մայիլյանը:

Նրա խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին միշտ էլ թիրախում է եղել, բայց պետք է կարողանանք առերեսվել դժվարություններին. «Ի վերջո, Աստծո կամոք է ամեն ինչ, և եթե մենք վսահենք տիրոջը` կփրկվենք: Իսկ եթե չվստահենք, բաժանվենք սևերի և սպիտակների, մերոնքականների ու ձերոնքականների, ապա դատապարտված ենք կորելու այս աշխարհում, որովհետև աշխարհը պարուրված է չարով, միայն մեր երկիրը չէ, ամբողջ երկրագունդը կրակի մեջ է և փրկության ճանապարհը դեռ դարեր առաջ գտել է մեզ համար ինքը՝ Հիսուս Քրիստոսը: Գտել է, պատմել է, բայց այլ բան է, որ մարդկությունն այնքան հեռու է եղել Աստծուց, որ ընտրել է ավազակին, այլ ոչ թե տիրոջը: Եվ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ այս վերաբերմունքը նոր չէ, դեռ վաղուցվանից նպատակ է եղել ոչնչացնելու այն: Եվ եթե այս մասին մենք առաջ կարդում էինք պատմության էջերում, հիմա դրա մեջ ապրում ենք, առերեսվում ենք դրա հետ»:

Աննա Մայիլյանը նաև ընդգծեց, որ պետք է պատրաստ լինենք, որովհետև այս ճանապարհը հեշտ չի լինելու. «Խաչի ճանապարհը դժվար է, և ես կարծում եմ, որ բոլորն էլ դրան պատրաստ են, թե՛ հավատացյալ ժողովուրդը՝ եկեղեցու հոտը, թե՛ հոգևորականները: Ես կարծում եմ, որ եկեղեցին պետք է օր ու գիշեր աշխատի, չհանգստանա, միայն չասի, որ եկեղեցու դռները բաց են, հանգիստ բոլորը կարող են այցելել ու վերջ, պետք է անընդհատ աշխատանք գնա: Մենք բոլորս՝ Հայ Առաքելայան Եկեղեցու հետևորդները, հոգևորականները ճշմարտության կողմն ենք, իսկ այն, ինչ ճշմարտությունն է, անընդհատ պետք է ապացուցվի»:

Մեր զրուցակիցն այս ճանապարհին նաև շատ կարևորում է ժողովրդի վերաբերմունքը եկեղեցու նկատմամաբ. «Երեխաները պետք է հոգ տանեն ծնողի համար, իսկ մեր եկեղեցին մեր ծնողն է, և մենք պետք է աչալուրջ լինենք, ուշադիր լինենք, զգոն լինենք, երբեք չհանգստանանք և միշտ տեր կանգնենք մեր մշակույթին: Ես ուղղակի կոչ եմ անում այս դժվար օրերին համախմբվել՝ չզբաղվել այդ մանկապարտեզային խոսակցություններով, մեկմեկու տակ փորելով, որովհետև դա վայել չէ մեր ազգին», -եզրափակեց վաստակավոր արտիստը:

46 դիտում