18.05.2024 11:19
  • 18.05.2024 11:19

Համոզված պնդում եմ, 2018-ին ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում, իշխանության եկան օտար երկրներից հավաքագրված գործակալները՝ վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ. Ավետիք Իշխանյան

By 30.04.2024 12:35 0

HayqNews.am-ի հարցազրույցը իրավապաշտպան  Ավետիք Իշխանյանի հետ:

Կխնդրեմ անդրադառնաք վերջին շրջանի կալանավորումներին, հատկապես, քրեական գործեր են սարքվում ռազմական գործիչների, նրանց ընտանիքի անդամների դեմ, նաև այն տավուշցիների դեմ, ովքեր պայքարի են ելել իրենց հայրենիքի տարածքները պաշտպանելու համար: Խոսքը, մասնավորաբար, վերաբերում է Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, ում կալանավորեցին երկու ամսով և կալանքի միջնորդության քննության ժամանակ դատավորը սահմանափակել էր պաշտպանական կողմի հարցերը քննիչին և դիրքորոշումների ներկայացումը: Սա ինչի՞ մասին է խոսում. իշխանությանը զուգահեռ ի՞նչ դիրքորոշում է որդեգրել դատական համակարգը:

Ցավոք, սա նորություն չի։ Դեռևս 2019 թվականին ճնշեցին ՍԴ նախագահ Հրայր  Թովմասյանին և ստիպեցին հրաժարական տալ, շինծու մեղադրանքներ առաջադրվեցին նրա հարազատների նկատմամբ՝ բերման ենթարկելով և կալանավորելով։ Նույն գործելակերպը շարունակվեց նաև հետագայում։ Հիշենք, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կնոջն առաջադրված մեղադրանքը, Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին, Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքներն ու կալանքները։

Եվ ահա, հերթական քաղբանտարկյալ Վահագն Մախսուդյանը՝ հայրենիքի համար պայքարող Միհրան Մախսուդյանի որդին։ Քաղաքական հակառակորդների հարազատների նկատմամբ նման ճնշումներ նույնիսկ ԽՍՀՄ տարիներին չեն եղել։ Այս ամենում ամենաամոթալի պահվածքը դրսևորում են, այսպես կոչված, իրավապահ մարմինները՝ ոստիկանություն-քննչական մարմիններ-դատախազություն-դատարաններ շղթան, որոնք «մոռանալով» իրավունք, օրենք, ինչպես մարդկային, այնպես էլ մասնագիտական արժանապատվություն  հասկացությունները, հանուն փողի, հնազանդորեն կատարում են վարչապետ կոչեցյալի անօրինական հրամանները։Նրանք  բոլորն, ինչպես քպ-ական պատգամավորներն ու նախարարները, վարչապետ կոչեցյալին հավասար, կրում են պատասխանատվություն, այո՝ դավաճանության և Հայրենիքի վաճառքի համար:

Ի՞նչ պետք է անի հասարակությունը, ընդդիմությունը ստեղծված իրավիճակում, որպեսզի նյութական, հողի վրա հաջողություն ունենանք:

Անկեղծ ասած, ես ահավոր հիասթափված եմ, ինչպես մեր ժողովրդից, այնպես էլ հասարակությունից։ Չէ՞ որ,  2020 թվականի պարտությունից  հետո, վարչապետ կոչեցյալը մնաց իշխանության ղեկին, այսինքն, համընդհանուր ժողովրդական ընդվզում տեղի չունեցավ։ Դա մեր ժողովրդի խայտառակությունն էր։ Իսկ արդեն 2023 թվականի Արցախի ցեղասպանությունից հետո հանդուրժել նման իշխանությանը․․․ բառեր չեմ գտնում։ Հուսանք, որ վերջապես, տարբեր ընդդիմադիր ձևաչափերը կմիավորվեն և կիրականացնեն իշխանափոխություն՝ կասեցնելով հետագա կորուստների շղթան։

Ադրբեջանը սահմանափակվելու է նշված գյուղերի հանձնումո՞վ, թե՞ Ալիևը նոր պահանջներ է առաջ քաշելու: Մասնավորաբար, օրերս Ալիևը վերստին ՀՀ իշխանությունից պահանջել էր  կատարել Սահմանադրության փոփոխություն:

Նախ, արձանագրենք, որ թեկուզ չնչին մարդկային և ազգային արժանապատվություն ունեցող իշխանությունը, Արցախի ցեղասպանությունից հետո կսառեցներ որևէ բանակցություն թշնամու հետ։ Նկատի ունենանք նաև, որ Ադրբեջանը ոչնչացնում է Արցախում բոլոր հայկական հուշարձանները և հայկական կողմից ոչ մի բողոք։ Հաճախ, մենք զարմանում ենք, թե տարբեր երկրների ղեկավարներ ինչպես ջերմորեն են ընդունում  Ադրբեջանի ցեղասպան նախագահին։ Հարց է առաջանում, եթե ցեղասպանությունից հետո, հայկական կողմը շարունակում է ծնկաչոք «խաղաղություն» աղերսել ցեղասպանից, մենք իրավունք ունե՞նք, արդյոք այլ բան պահաջել մյուս երկրներից։ Ավելին, ամոթը կորցրած, արժանապատվությունից բացարձակապես զուրկ  քպ-ականները, քննարկում են Ադրբեջանից գազ գնելու հարցը։Նույնիսկ մինչ Արցախի ցեղասպանությունը, հայկական կողմը  բանակցությունների սկսման պայման պետք է դներ բոլոր գերիների վերադարձի հարցը։

Այնպես որ, Հայաստանի իշխանությունն, իր վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ զուրկ է ազգային արժանապատվության զգացումից ու հլու-հնազանդ կատարում է մեր թշնամու բոլոր  պահաջները։ Եթե վարչապետ կոչեցյալի համար սահմանային սյուները Հայաստանի ինքնիշխանության  սահմաններն են, ապա նա ինչո՞ւմ է մեղադրում ՀԱՊԿ-ին։ Չէ՞, որ պաշտոնապես ՀԱՊԿ-ը նույնպես կասկածի տակ էր դնում Հայաստան-Ադրբեջան սահմանները, մինչև սահմանազատումը։ Իսկ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ դուրս չի բերելու զորքերը Հայաստանի գրավված տարածքներից։ Այսպիսով, Հայաստանը գնում է միակողմանի զիջումների։ Բնականաբար, Ադրբեջանի նախագահը չի դրսևորելու «բարի կամք» և չի բավարարվելու ձեռք բերածով։ Հիշենք, որ նա պաշտոնապես ողջ Հայաստանը հայտարարել է  որպես արևմտյան Ադրբեջան և հետևողականորեն գնալու է այն իրագործման ճանապարհով։ Այնպես որ, լեզուս չի պտտվում ասել, Տավուշի գյուղերից հետո Ադրբեջանի հաջորդ պահանջը կլինի ոչ միայն Տիգրանաշենը, այլև Սյունիքը՝ «Զանգեզուրի միջանցք» անվան տակ։

Արդ, ո՞րն է Հայաստանի կողմից միակողմանի զիջումների  պատճառն ու Ադրբեջանի նախագահի հակահայկական գործողություններին ու խոսքերին չարձագանքելը։ Համոզված պնդում եմ, 2018 թվականին, ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում, իշխանության եկան օտար երկրների գործակալությունների կողմից հավաքագրված գործակալները, որոնք իրենց ղեկավար, վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ, հետևողականորեն իրականացնում են իրենց ստանձնած պարտավորությունները։

Պատրաստեց Էմմա Հովսեփյանը

150 դիտում