18.05.2024 15:06
  • 18.05.2024 15:06

Հիշողներն ու պահանջողները

By 29.04.2024 20:33 0

Երբ բոլորն իրենց լուսանկարներից ու հիշողություններից թոթափեցին հիշելու ու պահանջելու բաները, Արտաշիս հետ դուրս եկա փողոցները չափչփելու: Մի բանկի մասնաճյուղի մոտ նկատելի ելումուտ կար, բայց ուշադրությունս գրավեց ճակատի պաստառը. ,,ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈ՛ՒՄ,,: Շատ հուզվեցի: Գիտեի, որ բանկիրները թասիբով մարդիկ են ու երկար հիշողություն ունեն, ուստի որոշեցի ներս մտնել ու երախտագիտությունս հայտնել: Մտա, մի խստաբարո կնիկ որոշակի հեռավորություն պահպանելով՝ ասաց.

– Կտրոն վերցրեք ու դրսում սպասեք:

– Կտրոն չեմ ուզում, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մինչև հիմա հիշում եք ու պահանջում:

– Շնորհակալություն պետք չի: Մենք ամեն օր էլ հիշում ենք ու պահանջում: Իսկ երբ տոկոսներն ու տուգանքները շատ են աճում՝ սկսում ենք հիշեցնել ու ավելի շատ պահանջել:

– Մի վայրկյան, դուք այդ ի՞նչն եք հիշում ու պահանջում:

– Ո՞նց թե՝ ինչը: Մեր վարկառուներին, նրանց տոկոսները ու տոկոսների տոկոսները:

– Վայ ձեր քոքը…

– Բան ասացի՞ք:

– Չէ, ես հենց այնպես…

– Եսիմ թե:

Որդուս հետ դուրս եկա ու դառնացած առաջացա: Լավ էր՝ դառնությունս դիմացի տաղավարի մոտ ցնդեց: Նամշած բանջարեղենի մի խեղճ տաղավար էր: Մուտքի մոտ նստած էր մի պառավ տատի, որի լաչակի վրա պարզ երևում էր. ,,I REMEMBER AND DEMAND,,: Հուզմունքից շունչս կտրվեց.

– Տատի ջան… ինչ լավ տատի ես, ուրեմն հիշում ես ու պահանջո՞ւմ:

– Ո՞նց չեմ հիշում: Տես՝ էս տետրակի մեջ բոլորի անունները գրել եմ:

– Այ քեզ տատի: Մի տետրակի մեջ միլիոնուկես անուն ես գրե՞լ:

– Էդ ի՞նչ վախենալու թվեր ես ասում, այ մարդ: Էստեղ հազիվ մի քառասուն անուն կա:

– Չէ, խառնում ես, տատի, պիտի շատ լինի:

– Այ բալա, ես իմ կլիենտներին հատիկ-հատիկ գիտեմ: Ափսոս չեմ տեսնում, որ տետրը աչքները խոթեմ:

– Սպասի հլը. էդ ի՞նչ տետր ա:

– Նիսյայի տետրն ա:

– Է տատի, քեզ ու քո հիշածն էլ իմացա…

Ավելի չարացած առաջացա, մեկ էլ տղաս անհամբեր ձգեց ձեռքս.

– Պապ, հշո՞ւմ ես…

– Հիշո՛ւմ եմ և պահանջո՛ւմ:

– Ի՞նչ ես է խոսում, ասում եմ՝ հիշո՞ւմ ես…

– Ասացի՝ հիշո՛ւմ եմ և պահանջո՛ւմ:

– Զզվացրիր պապ, ասում եմ՝ հիշո՞ւմ ես, որ պիտի կանֆետ առնեիր:

Կարո Վարդանյան

45 դիտում