18.05.2024 09:53
  • 18.05.2024 09:53

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, նրա վիճակը ծանր է

By 27.04.2024 19:20 0

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը «Զվարթնոց» օդանավակայանում՝ սպասելով ՀՀ իշխանությունների պատասխանին՝ ինչու է իր մուտքը Հայաստան արգելված։

Թեև նա համոզված է, որ արգելքը կապված է Ոսկեպարում իր գործունեության, իրադարձությունների ակտիվ լուսաբանման հետ, բայց սպասում է  պաշտոնական պատասխանի։

Նրա փաստաբան Հայկ Ավագյանը դիմել է ԱԱԾ՝ պաշտոնական տեղեկություն ստանալու իր պաշտպանյալի` փաստորեն persona non grata լինելու հիմնավորման մասին։ Սակայն նրան տեղեկացրել են, որ  պետական գաղտնիք է, չեն կարող հայտնել, թե Լեո նիկոլյանի մուտքը Հայաստան ինչու է արգելված։

Լեո Նիկոլյանն արդեն 6 օր «Զվարթնոցում» է, նա հայտնեց, որ ջուր էլ չի խմում։

Բժիշկներն օրը 3 անգամ ճնշումն են չափում, ներարկումներ անում։

Լեոն դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոսությանը և այսպիսի պատասխան ստացել՝ եթե Ձեր վիճակը վատ է, խնդիրներ ունեք, վերադարձեք Ֆրանսիա։

Հիշեցնենք, որ մեր գործընկերոջ առողջական վիճակով խիստ մտահոգ HayqNews.am-ը կապ էր հաստատեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի հանրային կապերի բաժնի հետ, որտեղից HayqNews.am-ին տրամադրվեց հետևյալ պատասխանը: Ներկայացնում ենք ստորև.

«Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ապրիլի 22-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք: Բարձրացված հարցը հեռախոսակապի միջոցով քննարկվել է Լեո Նիկոլյանի հետ: Բացի այդ, Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկվել իրավասու պետական մարմնին»:

Վարչախմբի նպատակն է լռեցնել համարձակ լրագրողին, որն այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջն ու հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը, մեկնել էր Տավուշի մարզի գյուղեր և ռեպորտաժների, հարցազրույցների միջոցով փորձում էր իրազեկել աշխարհին, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի դեմ:

Եվ հիմա, փաստորեն, համարձակ լրագրող Լեո Նիկոլյանին լռեցնելու նպատակով՝ իշխանությունը արգելել է նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Հիշեցնենք, որ Լեո Նիկոլյանը ապրիլի 22-ին Ֆրանսիայից եկել է Հայաստան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է, իրենք դեպի Փարիզ ինքնաթիռի անվճար տոմս կտրամադրեն, որպեսզի նա վերադառնա Ֆրանսիա, սակայն Լեոն մերժել է՝ ասելով, որ ինքը հետ գնացողը չէ։

112 դիտում