18.05.2024 13:24
  • 18.05.2024 13:24

Արցախի հարց լուծել է Նիկոլ Փաշինյանը, նույն ձեռագիրն այսօր շարունակվում է Տավուշում. Արցախի թեմի առաջնորդ

By 27.04.2024 18:45 0

100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է։

Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը

«100 տարի առաջ գիտենք, թե ում ձեռքով Արցախը դարձավ Ադրբեջանի մաս՝ Ստալինի ձեռքով։ Հիմա էլի մի անձ փոխում է ամբողջը՝ հայկականացված, սրբագործված, ազատագրված Արցախը էլի մի մարդու շնորհիվ հանձնվեց։ Նույն ձեռագիրն այսօր շարունակվում է Տավուշում, որն անզեն աչքով երևում է, որ կտրվում է։

Ժողովուրդը չհանձնեց Արցախը։ Արցախի ժողովուրդն ընտրել էր իր պետականությունը։ Չեմ կարծում, որ Սամվել Շահրամանյանը կարող էր Արցախի հարց լուծել, հարցը լուծել է Նիկոլ Փաշինյանը։

Եթե հապաղենք, ավելի վտանգավոր երևույթներ ի հայտ կգան։ Պետք է նվիրյալ անձանց շուրջ համախմբվել ու այս մարտահավերները հեռացնել մեզնից»,– նշել է Արցախի թեմի առաջնորդը։

«Իշխանությունները այսօր կան, վաղը չկան, ուրիշ իշխանություններ կգան, իսկ եկեղեցին 1700 տարի իր ծիրից դուրս չի եկել և իր առաքելությունը գիտի առ Քրիստոս, առ հայրենիք և այդ առաքելությունը ով աչք ունի՝ թող տեսնի և ով որ ականջ ունի, թող լսի այդ քարոզները և միանա՝ հանուն մեր երկրի, մեր հոգու փրկության և այս տարածաշրջանում խաղաղության համար։ Եկեղեցին չի կարող իշխանության կցորդ դառնալ և փոխել իր առաքելությունը»,- ասել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Ադրբեջանը իր և՛ քողարկված, և՛ տեսանելի ձևաչափերից չի հրաժարվել, ընդհակառակը՝ ասեմ, որ խորհրդային տարիների Ադրբեջանը և այս օրերի Ադրբեջանը տարբեր են լիարժեք՝ դեպի վատը գնալու իմաստով, որովհետև գոնե այդ տարիներին մենք լավ ենք հիշում՝ այդ եկեղեցիները, վանքերը ինչ-որ չափով, պահեստների կամ գոմերի վերածելով պահպանվում էին, բայց հիմա լրիվ հետքն են ջնջում, գյուղեր են ջնջում, գերեզմաններ են ավիրում և սա այն ձեռագիրն է, որը հարիր է քոչվոր ցեղին, հարիր է այն ազգերին, որոնք փչացնում են այն ամենը, ինչ քրիստոնեական է, հայկական է, իրենցը չէ՝ յուրացնելով այդ ամենը։ Ուստի բոլոր մակարդակներով պետք է պայքարենք այդ ամենի դեմն առնելու համար, իսկ պայքարը անխուսափելի է, այդ ճանապարհով մենք պետք է գնանք, հասնենք նրան, որ բոլոր միջազգային կառույցները, բոլոր սրտացավ մարդիկ այս ձայնը բարձրացնեն, որպեսզի կանխեն այդ վայրագությունները։
Այն, ինչ մենք տեսնում ենք, հասկանալի է, որ բոլոր այն վայրերում, որտեղ գյուղարանքներ են, փոքրաթիվ անտառներում գտնվող եկեղեցիներ, խաչքարներ, գերեզմաններ կան, այդ ամեն ինչը ավիրվում է, իսկ այն տեսանելին, որ մենք արբանյակային կադրերով տեսնում ենք, պատկերը պարզ է, որ նրանք անում են այն ամենը, ինչ անընդունելի և անընկալելի է ժողովուրդների և հասարակության համար»։


«Երբ Դադիվանքը հսկում էին ռուս խաղաղապահները և հայ սպասավորները ծառայություն էին իրականացնում, ադրբեջանցիները մշտապես այցեր էին կազմակերպում, դա կլինի հասարակական հիմունքներով, պետական մակարդակով, թե կրոնական այլ ուղղություններով։ Բայց ինչքանով ես տեղյակ եմ՝ մեր հոգևորականների դուրս գալուց հետո ոչ մի լրագրող, ոչ մի կրոնավոր մուտք չի գործել Դադիվանք։ Այսինքն նրանք ոչ թե մտածում էին, որ այն Աղվանական է, այլ կազմակերպում էին, որ մեզ էնտեղից հանեին։ Սա քաղաքական ձևաչափով դրսևորվող երևույթներ էին Դադիվանքի նկատմամբ»,-ասել է նա։

48 դիտում