18.05.2024 13:41
  • 18.05.2024 13:41

ՀՀ տնտեսության մրցունակությունը նվազել է, պետական բյուջեի կատարումը էականորեն շեղվել է պլանից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

By 27.04.2024 21:15 0

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-մարտ ամսիներին։

Այսպես՝

· ՀՀ տնտեսական ակտիվության աճը շարունակում է մնալ բավական բարձր՝ պայմանավորված լինելով, սակայն, ժամանակավոր և ոչ կայուն երևույթներով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին կազմել է 15.3%, իսկ հունվար-մարտ ամիսներին՝ 14.3%՝ առավելապես պայմանավորված լինելով ոսկերչական գործունեության ծավալների աճով: Վերջինս, սակայն, կախված է արտաքին, դժվար կանխատեսելի երևույթներից, հետևաբար կարող է կտրուկ դադարել՝ էապես փոխելով մակրոտնտեսական ցուցանիշների պատկերը:

·Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում իրական խնդիրները մնում են ստվերում: Վերոհիշյալ ժամանակավոր գործոնի արդյունքում տնտեսական բարձր ցուցանիշների արձանագրման վտանգներից մեկն էլ այն է, որ կարող են ստվերում մնալ տնտեսության իրական խնդիրները: Մասնավորապես, արդյունաբերության և արտահանման պատմականորեն բարձր ցուցանիշների պայմաններում և՛ արդյունաբերության, և՛ արտահանման մասով առկա են էական խնդիրներ: Անկումներ են գրանցվում այնպիսի ենթաճյուղերում, ինչպիսիք են սննդամթերքի, ծխախոտի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունները, ընդ որում, անկման տեմպերը բավական բարձր են և կայուն: Սա ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ ՀՀ տնտեսության մրցունակությունը նվազել է:

·Հարկային եկամուտները շարունակում են աճել տնտեսության աճից դանդաղ տեմպերով: 2024թ. հունվար-մարտին հարկային եկամուտների աճը կազմել է 8.5%, իսկ համադրելիության բերելու (եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը՝ 2023թ. ցուցանիշներում ներառելու) դեպքում աճը կազմում է 5.8%: Ավելին, բյուջեով պլանավորվածի համեմատ առաջին եռամսյակի հարկային եկամուտները թերակատարվել են շուրջ 43.0 մլրդ դրամով: Այս իրավիճակը մատնանշում է այն, որ տնտեսական աճ ապահովող գործառույթները համապատասխան չափով չեն հարկվում, ինչը կարող է հանգեցնել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի անկմանը:

· Պետական բյուջեի կատարումը ընդհանուր առմամբ էականորեն շեղվել է պլանից: 2024թ. առաջին եռամսյակում գրանցվել է նախնական պլանի համեմատ հարկային եկամուտների էական թերակատարում: Սակայն ծախսերի մասով նույնպես առկա են անհամապատասխանություններ: Մասնավորապես, արձանագրվել է ընթացիկ ծախսերի թերակատարում՝ շուրջ 15.9%-ով, և կապիտալ ծախսերի գերակատարում՝ շուրջ 35.8%-ով: Իհարկե, կապիտալ ծախսերի աճը դրական երևույթ է, եթե այն ուղղված է տնտեսության ներուժի բարձրացմանը (ինչը տվյալ պարագայում միանշանակ չէ), սակայն այն եկամուտների ցածր աճի և ընթացիկ ծախսերի թերակատարման պայմաններում կարող է վտանգավոր լինել: Միևնույն ժամանակ, ծախսերի պլանավորված մակարդակներից շեղումները նվազեցնում են բյուջետային կարգապահությունը՝ առաջացնելով հարկաբյուջետային կայունության ռիսկեր:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/nxDIN :

31 դիտում