18.05.2024 14:03
  • 18.05.2024 14:03

Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը նպատակ են դրել ոչնչացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ողջ կապերը՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական ոլորտներում. Մարիա Զախարովա

By 18.04.2024 17:00 0

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք, իսկ իդեալական տարբերակով՝ հերքումներ է ակնկալում ԱՄՆ-ի և Եվրամիության հետ ռազմաքաղաքական համաձայնությունների մասին մամուլում տեղ գտած լուրերի կապակցությամբ։

«Նախկինում Երևանը հրապարակավ հավաստիացրել է, որ արևմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրի դեմ։ Համադրելով այդ փաստերը, մենք ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների հստակ արձագանքը ի հայտ եկած տեղեկատվության վերաբերյալ, իսկ իդեալական տարբերակով՝ դրա հերքումը», – ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ մամուլի հրապարակումները, թե իբր ռազմաքաղաքական ոլորտում համաձայնություններ են ձեռք բերվել։

Միաժամանակ, Զախարովան ասել է, թե Մոսկվայում չեն զարմանա, եթե պարզվի, որ ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչներն իսկապես Երևանին պլաններ են պարտադրել, որոնք ենթադրում են ռուսական ռազմակայանի և սահմանապահների փոխարինում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասնագետներով, Հայաստանի սահմաններին՝ «Ադրբեջանի և Իրանի դեմ Արևմուտքի դիվերսիոն աշխատանքի» ընդլայնում, ինչպես նաև Հայաստանի ծայրաստիճան կարևոր ենթակառուցվածքների և էներգահամակարգերի վերակողմնորոշում՝ Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժմամբ։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի ասելով՝ ինչպիսի գեղեցիկ խոսքեր էլ նրանք ասեն, թե հոգ են տանում Հարավային Կովկասի խաղաղության համար, Հայաստանին միայն գործիքի դեր է վերապահված, որի օգնությամբ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ցանկանում են նոր մեծ հրդեհ բորբոքել։

«Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը նպատակ են դրել ոչնչացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ողջ կապերը՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական ոլորտներում, խարխլել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա հիմնված տարածաշրջանային անվտանգության մեխանիզմներն ու տնտեսական գործընկերությունը», – ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

34 դիտում