
Մեզ դրսում լսելու ու չափելու են մեր գործերով, եթե անգամ ընդունեն մեր խոսքերից զմայլվողի քաղաքավարի դեմքեր. քաղաքագետ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
ԱՄՆ փոխնախագահ Վենսի ելույթի քաղաքական դիտարկումներս նախօրեին արել եմ բավականաչափ: Այժմ ուզում եմ ուշադրության արժանացնել ըստ իս կոնցեպտուալ նշանակության մի բանաձեւ, որ արտահայտում է Վենսը՝ կամա, թե ակամա:
Նա հայտարարում է, որ Եվրոպայի սպառնալիքը արտաքին չէ, այլ՝ ներքին: Այլ կերպ ասած, եթե դուք կենսունակ եք ներսում, արտաքին սպառնալիքը կառավարելի է, հաղթահարելի, դիմագրավելի: Ներքին անկարողությունն է ըստ էության ուժգնացնում արտաքին սպառնալիքները:
Ընկերներս, հետեւորդները կվկայեն, որ այս բանաձեւի, հարցերն այս պատճառահետեւանքային տրամաբանությամբ, լուծումները գլխավորապես ներսում փնտրելու մասին ինքս խոսել եմ պարբերաբար, գրել եմ պարբերաբար: Մշտապես նշել եմ, որ մենք չունենք լուծումներ արտաքին դաշտում, եթե անհրաժեշտ արդյուավետությունն ու ընդհանրապես առավելագույնը չենք արել ներսում լուծումների համար՝ տնտեսական համակարգերի, քաղաքական համակարգի, հասարակական ինստիտուտների, հանրային համակեցության դաշտում, եթե մենք չենք ձեւակերպել մի քանի ուղենշային արժե-գաղափարական հայեցակարգեր, որոնց շուրջ կծավալենք հասարակական-քաղաքական խոսույթը, այլ ոչ թե գաղափարի տեղ կմատուցենք ընդամենը «բանալ ինքնախարազանումը»:
«Եթե ձեր ժողովրդավարությունը կարող է կործանվել արտերկրից եկող թվային գովազդի մի քանի հարյուր հազար դոլարով, ուրեմն այն ի սկզբանե շատ ուժեղ չի եղել», ասում է Վենսը Եվրոպային:
Հենց բառացիորեն օրեր առաջ Ստատուս-քվո հաղորդաշարի ընթացքում էի (հղումը դարձյալ կդնեմ այս գրառման ներքո) նաեւ խոսում այն մասին, որ մեզ չափելու են մեր ներքին գործերով, նրանով,, թե մենք ինչպես ենք կարողանում կազմակերպել մեր ներքին կյանքը, մեր հանրային ու պետական հարաբերությունները, ինչպես ենք կարողանում օրինակ տարրական ռեֆորմներ իրականացնել մեր երկրում, կամ դնել մեծ նպատակներ ու կառուցել դրանց ճանապարհային քարտեզը: Մեզ դրսում լսելու ու չափելու են մեր գործերով, եթե անգամ ընդունեն մեր խոսքերից զմայլվողի քաղաքավարի դեմքեր: