23.03.2025
  • 23.03.2025

Վրացական հանգստավայրում սկանդալ է բռնկվել հյուրանոցի պատշգամբին ռուսական դրոշ կախելու պատճառով

Վրաստանի Բակուրիանի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցի պատշգամբում կախված ռուսական դրոշի պատճառով սկանդալ է ծագել, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն»։

Վրաստանի մի մասն օկուպացրած պետության խորհրդանիշը զայրացրել է քաղաքացիների մի խմբի, գրել է լրատվամիջոցը։

Նրանք դիմել են հյուրանոցի աշխատակցին դրոշը հանելու խնդրանքով, սակայն մերժում են ստացել։

Այդ ժամանակ խումբը որոշել է ինքնուրույն գործել եւ մոտակայքում գտնվող ուկրաինացիների օգնությամբ պոկել է դրոշը։

Միջադեպի տեսանյութը Facebook-ում հրապարակել է օգտատեր Գիգա Թեդորաձեն, այն արագ ուշադրություն է գրավել՝ սոցցանցերում բուռն քննարկումների տեղիք տալով։

Սոցցանցերում քննարկումների մասնակիցները փորձել են պարզել, թե ով կարող էր լինել Ռուսաստանի դրոշը կախելու նախաձեռնողը։ Ոմանք ենթադրում են, որ դա կարող է կապված լինել հանգստավայրում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի հետ: Բայց Ռուսաստանը չի մասնակցում մրցույթին. մասնակից 45 երկրների դրոշների մեջ, որոնք կազմակերպիչները փառատոնի կապակցությամբ կախել են հանգստյան գոտում, ռուսականը չկա։

Միաժամանակ տեղեկություններ են հայտնվել, որ քոթեջը, որի վրա կախված էր դրոշը, իբր պատկանում է Crystal Hotel & SPA-ին։ Ընկերությունը հերքել է դա։ Նրանք հայտնել են, որ քոթեջը պատկանում է մասնավոր անձի՝ Վրաստանի քաղաքացու։ Նա իր կամքով կախել է վիճելի դրոշը եւ կտրականապես հրաժարվում է այն իջեցնել՝ չնայած խնդրանքներին, ասել են ընկերությունում։

Crystal Hotel-ում հնարավոր են համարել, որ այս բոլոր գործողություններն իրենց «վարկաբեկելու միտումնավոր փորձ են»։