
Շոլցը Վենսի ելույթից հետո հայտնել է, որ Գերմանիան չի ընդունի իր դեմոկրատիային միջամտող մարդկանց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շաբաթ հայտնել է, որ իր երկիրը չի ընդունի մարդկանց, ովքեր «միջամտում են մեր դեմոկրատիային», այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է եվրոպացի առաջնորդներին, գրել է Euronews-ը։
Շաբաթ ունեցած ելույթի ժամանակ Շոլցը պաշտպանել է իր դիրքորոշումը ուլտրաաջ քաղաքական ուժերի հարցում։
Շոլցը հաստատել է, որ «այլեւս երբեք»-ը պատմական մանդատ է, որը Գերմանիան պետք է եւ ցանկանում է կատարել. այլեւս երբեք չեն լինի ֆաշիզմ, ռասիզմ կամ ագրեսիվ պատերազմ:
Նա խիստ քննադատել է «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցությանը՝ նշելով, որ որոշ կուսակցականներ նացիստների հանցագործությունները պատմության մեջ ընդամենը «թռչնի կեղտ» են անվանել։ Նա հասկացրել է, որ «այլեւս երբեք» սկզբունքը անհամատեղելի է ԱԳՀ-ին աջակցելու կամ նրա հետ ուժերը միավորելու հետ։
Շոլցը նաեւ արձագանքել է Վենսի մեկնաբանություններին՝ ասելով. «Գերմանիան շատ ուժեղ դեմոկրատիա է, եւ քանի որ այն ուժեղ դեմոկրատիա է, մեզ համար բացարձակապես պարզ է, որ ուլտրաաջերը պետք է դուրս բերվեն քաղաքական վերահսկողությունից եւ քաղաքական որոշումների կայացման գործընթացներից, եւ որ նրանց հետ համագործակցություն չի լինի։ Մենք իսկապես մերժում ենք կուսակցությունների, այլ կուսակցությունների եւ ծայրահեղ աջ կուսակցությունների միջեւ համագործակցության ցանկացած գաղափար»: Վկայակոչելով Գերմանիայում գործող կանոնները, որոնք սահմանափակում են ատելության հրահրումը, նա ասել է, որ «խոսքի ազատությունը Եվրոպայում նշանակում է, որ չեք հարձակվում ուրիշների վրա այլ միջոցներով, որոնք հակասում են մեր երկրի օրենսդրությանը»։
Ուրբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ Վենսը քննադատել է եվրոպական կառավարությունների մոտեցումը ժողովրդավարությանը եւ ասել, որ կարծում է, որ ազատ խոսքը «նահանջում» է մայրցամաքում:
Վենսն ասել է, որ իրեն մտահոգում է ոչ այնքան Ռուսաստանը կամ Չինաստանը՝ Եվրոպայի անվտանգության տեսակետից, որքան «սպառնալիքը ներսից՝ Եվրոպայի նահանջը ամենահիմնարար արժեքների մի մասից, արժեքներ, որոնք կիսում է Ամերիկայի Միացյալ Նահանգները»։