23.03.2025
  • 23.03.2025

Մեր ազգը «հիվանդացել» է, գայթակղվում է փողով՝ չմտածելով հետագա արհավիրքների մասին․ Վերնաշեն գյուղի բնակիչ

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանը, շահագործմանը դեմ են Վայոց ձորի բնակիչները։ Մասնավորապես,  տարիներ շարունակ մի խումբ բնակիչներ պայքարում են՝ համայնքում բազմամետաղային հանքավայրերի ուսումնասիրություններ թույլ չտալու համար։ Ինչպես panorama.am-ի հետ զրույցում նշեց  Վայոց ձորի  Վերնաշեն գյուղի բնակիչ  Հարություն Գևորգյանը, նույն մարդիկ տարբեր ընկերությունների շղարշի տակ փորձում են ամեն գնով հասնել  հանքավայրի ուսումնասիրության թույլտվությանն, այնուհետև՝ շահագործմանը։

«Խմբեր կան, որոնք անօրինական, զարթուղի ճանապարհով փորձում են ամեն կերպ հասնել հանքավայրի ուսումնասիրությանը, ներքին կարգով նաև հանքավայրի բացման աշխատանքներ են իրականացնում։ Կեղծ թղթեր են հանում, որ այս տարածաշրջանում ընդերքային ջրեր չկան, բայց այնտեղից չորս փոքր գետեր են սկզիբ առնում, մեր գյուղի խմելու ջուրը ևս գալիս է այդտեղից։ Նրանք ցանկանում են սկսել ծրագիրը, բայց մենք փորձում ենք արգելել, չթողնել։ Սա հանցագործություն է։
Գևորգյանը, որն այժմ հիմնել է « Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանը, շահագործմանը դեմ» նախաձեռնող խումբը,  ասաց, որ արխիվներից հանել են նյութեր, որոնք փաստում են  գունավոր մետաղների առկայությունն այդ տարածաշրջանում։

«Գոյություն ունեցող բազմամետաղներից մոտ 17 տեսակի գունավոր մետաղներ կան տարածքում։ Այս հանքատեսակներից 9-ը խիստ հակացուցված են կենդանական աշխարհի գոյության հետ։ Արխիվային փաստաթղթում նշված է, որ առկա է մեծ քանակությամբ ծծումբ, կադիում, ուրան։ Մենք վերցրել ենք ռուսական աշխարհագրական քարտեզները, որտեղ պարզ նշված է՝ «урановые месторождения»:  Սա կարող է լինել Հայաստանի այս թևի կործանումը, քանի որ նախատեսված հանքավայրի մի կողմից հողում է Արփա, մյուս կողմից՝ Եղեգիս գետը։ Այսինքն՝ կաղտոտվի ամբողջ տարածաշրջանը։ Այս գետերը թափվում են նաև Սևանա լիճ, կաղտոտվի նաև լիճը»,- ասաց Գևորգանը։

Բնակիչը նշեց, որ համայնք ունի բավականին շատ հողատարածքներ, որոնք գյուղատնտեսության զարգացմանը խթանող ծրագրերի իրագործման դեպքում, մեծ եկամուտներով կարող են ապահովել բնակիչներին։

«Մեր մոտ արդյունաբերական ձեռնարկություններ չկան,ապրուստի  հիմնական միջոցն անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է։ Այս ոլորտների զարգացման ուղղությամբ պետք է մտածել»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով․

«Մենք պահանջում ենք, որ իշխանությունները հանրաքվե անցկացնեն հանքավայրի մոտ ազդակիր համայնքներում, եթե բնակչությունը կողմ կքվեարկի հանքավայրի բացմանը, թող բացեն։ Ամեն դեպքում մենք դեմ ենք այս տարածքում հանքավայրի բացմանն ու շահագործմանը։ Եթե այս հանքավայրը բացվի, ապա Վայք, Եղեգնաձոր համայնքների բնակչությունը պետք է տարհանել, այստեղ չի կարող բնակչությունն ապրել»։

Մեր զրուցակիցը հիշեցրեց նաև տարիներ առաջ, երբ նոր էր սկսվել հանքավայրի ուսումնասիրությունների մասին խոսակցությունները ստորագրահավաք էին անցկացրել և համայնքի բնակչության շուջ 90 տոկոսը դեմ է եղել շահագործմանը։

Հարցին,թե իշխանափոխությունից հետո որևէ բան չի՞ փոխվել, Վերնաշենի բնակիչն ասաց․ «Մեր ազգը ոնց որ հիվանդացել է, փողը ոնց որ գայթակղի իրանց և չեն մտածում հետագա վնասների մասին։ Խոսում են տարբեր հանգանակություններից՝ էսքան  նվիրատվություն դպրոցին, էս ճանապարհը կսարքվի կամ ջրագիծը՝ չմտածելով հետագա արհավիրքների մասին, որը կմնա դարերով։ Մարդիկ ինֆորմացված չեն, եթե կարողանանք բացատրական աշխատանքներ տանել, ապա կհասկանան, որ սա չարիք է, արհավիրք»։