
Թուրքիայի իշխանությունները պաշտոնանկ են արել Վանի նահանգի քրդամետ քաղաքապետին. Reuters
Թուրքիայի իշխանությունները շաբաթ պաշտոնանկ են արել նահանգի մեկ այլ ընտրված քրդամետ քաղաքապետի՝ ահաբեկչության մեղադրանքով, եւ նրա փոխարեն նշանակել են պետական պաշտոնյայի, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ՆԳՆ-ին։
Տեղի նահանգապետը հանել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատականկուսակցության (DEM) անդամ եւ արեւելյան Վան նահանգի քաղաքապետ Աբդուլա Զեյդանին, քանի որ վերջինս դատապարտվել է «զինված ահաբեկչական կազմակերպությանն օգնելու համար», նշվել է նախարարության հայտարարությունում։
Ինչպես ընդգծել է լրատվամիջոցը, 2024թ. մարտին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ութ քաղաքապետ, որոնք DEM կուսակցության անդամ են, եւ երկու քաղաքապետ, որոնք Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամներ են, հեռացվել են պաշտոններից ահաբեկչության մեղադրանքով։ CHP մեկ այլ անդամ քաղաքապետ ձերբակալվել է տենդերները կեղծելու մեղադրանքով:
DEM կուսակցությունը, որն ունի 57 մանդատ 600 տեղանոց խորհրդարանում, հայտնել է, որ Վանի քաղաքապետարանում կառավարության վստահորդի նշանակումը «հարված է ժողովրդի կամքին», եւ ինքը չի «խոնարհվի այս անօրինականության առաջ»։
Ընդդիմադիր քաղաքական գործիչները բախվել են մի շարք դատականհետաքննությունների, ձերբակալությունների, ինչը, ըստ քննադատների, այլախոհությունը ճնշելու եւ նրանց ընտրական հեռանկարներին վնասելու կառավարության փորձն է:
Թուրքիայի կառավարությունը հերքում է քաղաքական միջամտության մեղադրանքները եւ պնդում, որ դատական համակարգն անկախ է։