16.02.2025
  • 16.02.2025

Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան

Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին ՄԻԵԴ-ն «աչքերը փակ» առաջնահերթություն է տալիս։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ը տեսել է կրկնվող գործերի շարան և հասկանում է, որ այստեղ պետք է վերացնել այդ խախտումների օջախը։ Սա առաջին ազդանշանն է, հետո նոր ազդանշաններ են գալու, արդեն՝ առավել այլ հիմքերով, լայն շրջանակներով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փորձագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանն ընդդեմ ՀՀ-ի գործով ՄԻԵԴ վճռին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է վճիռը, որով արձանագրել է Սուրեն Անտոնյանի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում։ Մասնավորապես, ՄԻԵԴ-ը փաստել էր, որ Կարեն Անդրեասյանն անաչառ չէ, իսկ դրա համար որպես հիմք ՄԻԵԴ-ը արձանագրել է նաև կարգապահական վարույթ հարուցող ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանի հետ համատեղ տնտեսական շահը և մոտ ընկերական հարաբերություններ ունենալու հանգամանքը։ Ըստ այդմ, Սուրեն Անտոնյանի գործի քննությունը ենթակա է վերանայման, բացի այդ, ԵԴ-ն պարտավորեցրել է ՀՀ-ին՝ որպես ոչ գույքային վնասի փոխհատուցում Անտոնյանին տրամադրել 3600 եվրո և 1,420 եվրո՝ ծախսերի համար։

Փորձագետ Արա Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ վերաբացումից հետո պետք է կրկին դատավարություն իրականացվի՝ զրոյից, «ստատուս քվոն» վերականգնվում է և այդ ժամանակ արդեն հայտնի չէ, թե ինչ նոր որոշում կկայացվի։

«Դատական ակտն, ըստ էության, չի վերաբերում վեճի բովանդակությանը, այլ՝ դատավարության ընթացքին։ Եթե վերաբերեր վեճի բովանդակությանը, ապա մեծ հաշվով կրկին նույն գործընթացը պետք է լիներ, պետք է կրկին քննեին գործը, այսինքն՝ կասկածի տակ կլիներ ընդհանրապես նախարարի միջնորդության հիմքերը։ Այս դեպքում, կարելի է ասել, ՄԻԵԴ որոշումը մի փոքր եզրային էր, բայց վստահ եմ՝ հայցվորը դրանից էլ է գոհ, քանի որ պետք է վերաբացվի գործը և նոր դատավարություն իրականացվի։ Այսինքն՝ այստեղ կողմը պետք է դիմի ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն՝ սեփական որոշումը վերացնի»,- նշեց Արա Ղազարյանը։

Իսկ թե ինչ հետևանք այս վճիռը կարող է ունենալ ԲԴԽ անդամների, Կարեն Անդրեասյանի համար, արդյո՞ք կարող է պատասխանատվության հարց բարձրացվել՝ նկատի ունենալով, որ ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորների լիազորություններ են դադարեցվում, իսկ այս դեպքում ՄԻԵԴ վճռով դատավորի իրավունքի խախտում է արձանագրվել՝ Ղազարյանը նշում է՝ պատասխանատվության հարցն աղոտ է, որովհետև աննախադեպ է, մինչ այս մենք ունեցել ենք դեպքեր, որ վերաբերել է ընդհանուր իրավասության դատավորներին և հիմնականում վերաբերել է վեճի բովանդակությանը, իսկ այստեղ կարծես թե կասկածի տակ չի դրվում բովանդակությունը, այլ՝ դատավորներից մեկի օբյեկտիվությունը, հետևաբար, գուցե կարգապահական վարույթ հարուցելու անհրաժեշտություն չտեսնեն այն հիմքով, որ անհատապես մյուս դատավորների կողմից որևէ խախտում ՄԻԵԴ-ը չի արձանագրել։

«Ես սա ասում եմ մեծ վերապահումով, որովհետև հարցին լիարժեք կոնտեքստով մոտենալու դեպքում, կարծես թե որևէ մեկի մոտ կասկած չկա, որ ընդհանուր պայմանավորվածություն չի եղել ԲԴԽ բոլոր անդամների կամ մեծամասնության կողմից, որ Սուրեն Անտոնյանի նկատմամբ հենց այդ որոշումն են կայացնում, որովհետև երբ Սուրեն Անտոնյանի գործը դիտարկում ենք դրանից առաջ և դրանից հետո ներկայացված վարույթների, դատական գործերի շրջանակներում, ակնհայտ է, որ այստեղ կա գործադիր իշխանության միջամտությունը։ Այն, որ վարչապետը «սմս» է ուղարկում ԲԴԽ նախագահին, անկախ նրանից ՝ խնդրում է, թե պահանջում, էական չէ, միայն «սմս» ուղարկելու հանգամանքը խոսում է այն մասին, որ Հայաստանում համակարգային խնդիր ունենք։ Դժվար է ասել՝ վարույթ կհարուցվի, թե ոչ, ամենայն հավանականությամբ՝ ոչ»,- նշեց Ղազարյանը։

Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը, Ղազարյանի գնահատմամբ, լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին ՄԻԵԴ-ն «աչքերը փակ» առաջնահերթություն է տալիս։

«Այսինքն՝ ՄԻԵԴ-ը տեսել է կրկնվող գործերի շարան և հասկանում է, որ այստեղ պետք է վերացնել այդ խախտումների օջախը։ Սա առաջին ազդանշանն է, հետո նոր ազդանշաններ են գալու, արդեն՝ առավել այլ հիմքերով, լայն շրջանակներով»,- ասաց Ղազարյանը՝ նկատելով, որ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո, կարծես թե, այս մեկ ամսվա մեջ ԲԴԽ պրակտիկայում փոփոխություն նկատվում է՝ մեղմացում, համենայն դեպս, այն հրապարակային աննախադեպ հայտարարությունները, որոնք արվում էին դատավորների հասցեին՝ ոչ ԲԴԽ ղեկավարության, ոչ գործադիրի կողմից չի հնչում․ «Գոնե պետք է շնորհակալ լինենք դրանից»։

Դիտարկմանը, որ Կարեն Անդրեասյանը տվյալ գործով առերևույթ բացարկման ենթակա դատավոր էր հանդիսանում, արդյո՞ք կասկածի տակ չի կարող դրվել բոլոր այն գործերը, որոնցով վարույթ հարուցող մարմինը եղել է ԱՆ-ն՝ նկատի ունենալով, որ ՄԻԵԴ-ն արձանագրել է Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի կապը՝ Արա Ղազարյանը պատասխանեց․ «Այո, որովհետև դատական ակտում նշվել է Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի կապը և դա էլ է դատարանը դիտարկել անաչառության բացակայության հնարավոր հիմք; Այսինքն՝ գործերի մեծ մասով, այդ թվում՝ Վահե Միսակյանի գործով, այդ հանգամանքները նույնպես կային, այլ բան է, որ այդ հանգամանքները հետո հայտնի դարձան, անպայման չէ, որ գործընթացի ժամանակ հայտնի լինեն և այն, որ բոքարկման անհնարինությունը լուրջ թերություն է՝ հենց թեկուզ անաչառությունը վիճարկելու համար, քանի որ կարող է դատական քննության վերջում քո ձեռքում փաստ հայտնվի, որը կարող է կասկածի տակ դնել դատական կազմի անաչառությունը։ Իհարկե, մնացած մյուս գործերով՝ Կարեն Անդրեասյանի վարքագիծը, որը թույլ տվեց իրեն՝ պատասխանող դատավորների նկատմամբ, դա նույնպես ներկայացվել է, ներկայացվելու է և ՄԻԵԴ քննությանն է արժանանալու»։

Դիտարկմանը, որ բացարկի հարցը բարձրացնելու դեպքում Խորհուրդն էր իր քվեարկությամբ մերժում բացարկի միջնորդությունը՝ Ղազարյանն արձագանքեց՝ այդ հարցում հնարավոր է, որ տեսականորեն կա պատճառահետևանքային կապ՝ ՄԻԵԴ հայտնաբերած խախտման և գործի վերաբացման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության միջև․ «Վարույթը պետք է նախաձեռնվի կամ Սուրեն Անտոնյանի, կամ նախարարության կողմից, բայց եթե հաշվի առնենք, որ նախարարությունը նույնն է, ինչ Սուրեն Անտոնյանի դեպքում, քիչ հավանական եմ համարում, որ այդ գործընթացը նախաձեռնվի, բայց Սուրեն Անտոնյանի կողմից՝ գուցե»։

Ամփոփելով զրույցը՝ Արա Ղազարյանը վճիռը ողջունելի գնահատեց, ողջունելի է հատկապես, որ արագ որոշումը կայացվեց, ինչպես նաև՝ շնորհավորեց Սուրեն Անտոնյանին և նրա փաստաբանին՝ Արման Զրվանդյանին։