16.02.2025
  • 16.02.2025

Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. «Փաստինֆո»

Մայրաքաղաքի պոլիկլինիկաները բավարար չափով ֆինանսավորում չեն ստանում, ինչով պայմանավորված բժշկական օգնության մի շարք տեսակներ մատուցվում են սահմանափակ։ Համենայն դեպս, հենց նման պատճառաբանություն են հայտնել «Փաստինֆո»-ին Երեւանի քաղաքապետարանից։

Քաղաքացի Սաթենիկ Հայրապետյանը նախօրեին ահազանգել էր, որ երեխային 40 աստիճան ջերմությամբ պոլիկլինիկա են տարել, թոքաբորբի կասկածով բժիշկն ուղարկել է ռենտգեն հետազոտության, բայց այդպես էլ անցնել չի հաջողվել։ «Վիճակախաղում շահածի ոգևորությամբ բժիշկն ուղարկում է ռենտգենի, թե, իբր, բախտդ բերել է, որ հենց այսօր ես եկել, քանի որ ամսվա մեջ 1-2 օր աշխատող ռենտգենի մասնագետն այսօր եկել է։ Հասնում ես կաբինետի մոտ ու հասկանում, որ ճիշտ հակառակը` բախտդ հեչ չի բերել, որ էսօր ես եկել։ Դռան վրա կախված տետրի թղթի վրա 40 նորակիչիկ է հերթագրված ու թղթի վրա տեղ չկա, որ դու էլ հերթագրվես, պետք է նոր էջ կախես։ Ի՞նչ է անում բժիշկը։ Ստիպված օդի մեջ թոքաբորբի բուժում է նշանակում, ուղեգրել այլ տեղ չի կարող, որովհետև իրենց ռենտգենն այսօր աշխատում է։ Հա, ի դեպ, ռենտգենն էլ մինչև ժամը 2-ն է աշխատում»,- նշել էր քաղաքացին։

Հարցի վերաբերյալ «Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Երեւանի քաղաքապետարանից, ու պարզվեց թերի ֆինանսավորումը նորություն չէ։ Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի փոխանցմամբ՝ թիվ 19 մանկական պոլիկլինիկայում ռենտգենոլոգն շաբաթվա ընթացքում 3 օր է աշխատում։

«Ունենք նեղ մասնագետներ, փորձել ենք մաքսիմալ կարգավորել նրանց աշխատանքը», – ասել է Դավիթ Կարապետյանը՝ ավելացնելով, որ «Երևանի Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանի թիվ 19 մանկական պոլիկլինիկայի ֆինասավորումը բավականացնում է, որ ռենտգենոլոգը շաբաթվա 3 օր աշխատի»։

Թե ինչու չի ապահովվում պոլիկլինիկաների պատշաճ ֆինանսնավորումը, բյուջեում գումար չկա՞, թե հարցը չեն կարեւորում ու առկա ֆինանսները նախընտրում են ուղղել ՔՊ-ականների կարիքները հոգալուն։ Համենայն դեպս, հանրության շրջանում նման ընկալման մասին նախօրեին ԱԺ-ում բարձրաձայնեց նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքապետարանի պաշտոնյան այդ մասին որեւէ պատճառաբանություն չնշեց, ու ոչ էլ խոսել ֆինանսնավորումն ավելացնելու մտադրության մասին։ Պարզվում է, մտադիր են միավորել պոլիկլինական։ «Երևանի ավագանու դեկտեմբերին կայացված որոշմամբ՝ այս պահին դե յուրե Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի թիվ 19 մանկական պոլիկլինիկան միացվել է քաղաքապետարանին վերջերս վերադարձված, նախկինում հավատարմագրումով մասնավորի մոտ գտնվող ավելի խոշոր պոլիկլինիկայի, որը մի քանի քայլ հեռավորությամբ է գտնվում։ Նորոգում է գնում, շուտով միացումը դե ֆակտո կլինի, այնտեղ ավելի մեծ ռենտգեն սարքավորում կա, շենքն ավելի լավն է»,- ասել է քաղաքային պաշտոնյան՝ ավելացնելով, որ փոքր պոլիկլինիկաները չեն կարողանում գոյատևել, իրենք անպայման մի մեծ եղբոր թևի տակ պետք է գործեն։ Միաժամանակ շտապեց ավելացնել, թե սա խոշորացման գործընթաց չէ, այլ մասնավոր դեպք։