16.02.2025
  • 16.02.2025

Զելենսկին համաձայն է բանակցել Պուտինի հետ, եթե Թրամփն անվտանգություն երաշխավորի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնարավոր է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները՝ պայմանով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երաշխավորի Ուկրաինայի անվտանգությունը։

«Ամեն ինչ կանեմ, որ արագացնեմ այդ պրոցեսը։ Եթե ​​նախագահ Թրամփը, իսկ ես դրան հավատում եմ, կարողանա ամուր և անշրջելի անվտանգություն երաշխավորել Ուկրաինայի համար, ապա մենք կշարժվենք դիվանագիտական ​​ճանապարհով։ Ես հասկանում եմ, որ առանց Ռուսաստանի անհնար է դիվանագիտական ​​ճանապարհով ավարտել պատերազմը»,- ասել է Զելենսկին՝ Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։

Զելենսկին հնարավոր է համարել բանակցությունները նույնիսկ այն դեպքում, եթե Ուկրաինան չվերականգնի 2022 թվականի դրությամբ եղած իր սահմանները, այնինչ մինչ այս Կիևի նախապայմաններից էր՝ բանակցություններ՝ նախկինում եղած սահմանների  վերադարձի դեպքում։

«Տարբեր կերպ կարող է դասավորվել, կյանքում պատահում է այդպես։ Դա կախված է ԱՄՆ-ից, ԱՄՆ նոր վարչակազմից, ԵՄ-ից, այսօր ինչ-որ առումով դա Գլոբալ Հարավից էլ է կախված»,- այս առնչությամբ ասել է Զելենսկին։