23.03.2025
  • 23.03.2025

Փաշինյանի Դավոս մեկնելը պատահական չէ. հերթական բանակցային դրվագն է նախապատրաստվում. Ձյունիկ Աղաջանյան

Մենք շատ տխուր հիշողություններ ունենք Նիկոլ Փաշինյանի՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին առաջին մասնակցությունից. Ամենաանպատշաճ ձեւով նա ներկայացով եւ որպես անձ, եւ որպես քաղաքական գործիչ, որը տարիներ շարունակ Արցախի խնդրով արտահայտություններ է արել, թե որպես պետության ղեկը ստանձնած անձնավորություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով նրան, որ այս տարի երկար ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է մասնակցել Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:

«Այսքան տարի անց մենք տեսնելու է բոլորովին այլ կերպար եւ ակնկալել, որ նա ավելի լավ եւ ավելի համարձակ ու բանիմաց  կերպով է արտահայտելու իր դիրքորոշումները, ես խիստ կասկածում եմ՝ հաշվի առնելով պարտվողական ու զիջողական քաղաքականությունը, որ իրականացնում է եւ ամենօրյա դոզավորված նահանջի եւ հանձնման դրվագները, որին մենք ականատես ենք լինում:

Վստահ եմ, որ այդ համաժողովին մասնակցելու համաձայնությունը պատահական չէ. վերջին շրջանում նրա եւ Ադրբեջանի նախագահի միջեւ հանդիպումները կազմակերպվում են որեւէ միջազգային միջոցառման շրջանակներում՝ լինի ռուսական, կամ արեւմտյան հովանու ներքո: Ենթադրում եմ, որ հերթական բանակցային դրվագն է նախապատրաստվում, որի ժամանակ կհամաձայնեցվեն թե Մինսկի խմբից հրաժարվելու հարցերը, թե այլ զիջումներից մենք տեղեկացված կլինենք»,-ասաց նա:

Ձյունիկ Աղաջանյանը վստահություն հայտնեց, որ այդ հնարավոր հանդիպման օրակարգում լինելու են նաեւ հարցեր, որոնց մասին նորամուծություն համարվող ֆեյսբուքյան տեղեկատվական գրեթե պաշտոնական դարձած խողովակներով փոխանցում են իշխանությունների դիրքորոշումները. «Դրանց ստվար մասը պետության ու ժողովրդի համար կործանարար հետեւանքներով հղի են: Ես կարծում եմ, որ այս պարագայում կքննարկվեն մի շարք այլ դրույթներ եւս: Ես չեմ ակնկալում ադրբեջանական կողմից որեւէ ընդառաջ քայլ կամ որեւէ դրական մոտեցում՝ հաշվի առնելով նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանում վերջին զարգացումները եւ սիրիական ձեռքբերումների առումով Թուրքիայի էլ ավելի ամբարտավան ու հանդուգն կեցվածքը, որն իր արտացոլումն է գտնում նաեւ Ադրբեջանի նախագահի պահվածքի վրա: Ես վստահ եմ, որ Ալիեւը մենախոսությամբ հանդես կգա, այսինքն իր պահանջները կդնի եւ կակնկալի հայկական կողմից դրանց բավարարում»,- ասաց դեսպանը: