23.03.2025
  • 23.03.2025

1212 փաստաբաններ հարկային խնդրահարույց կարգավորումների դեմ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել կառավարությանը

1212 փաստաբանի կողմից ստորագրված հարկային խնդրահարույց կարգավորումների դեմ կոլեկտիվ հանրագիրն այսօր՝ հունվարի 17-ին, ներկայացվել է կառավարություն: Այս մասին տեղեկացրել են ՀՀ փաստաբանների պալատից՝  կից ներկայացնելով փաստաթուղթը:

Փաստաբանները շարունակում են բարձրաձայնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրների մասին։

Արդեն իսկ ուժի մեջ մտած կարգավորումներով փաստաբանական ծառայություններ մատուցող՝ շրջանառության հարկ վճարողներին պարտադրվում է անցնել հարկման ընդհանուր համակարգ (վճարել ԱԱՀ և շահութահարկ), ինչպես նաև փաստաբանական գրասենյակների կողմից անվճար հիմունքներով մատուցվող ծառայությունները ենթարկվում են հարկման ավելացված արժեքի հարկով:

Փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8 անգամ (5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն հարկվում են ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) (դրույքաչափը՝ 20 տոկոս) և շահութահարկով (դրույքաչափը՝ 18-23 տոկոս)։

Փաաստաբաններն ընդգծում են՝ օրենքի կիրառման հետևանքով  Հայաստանի Հանրապետության իրավաբանական օգնության համակարգը, որի առանցքային դերակատարներից է փաստաբանական ինստիտուտը,  ենթարկվում է ոչ իրավաչափ և չհիմնավորված ճնշման: