23.03.2025
  • 23.03.2025

Նոր սահմանազատմամբ կարող է փակվել դեպի Ոսկեպար ճանապարհը, լուծումը փոխանակումն է. Գալիչյան

Որոշում է կայացվել, որ սահմանազատման հերթական աշխատանքները պետք է սկսեն հյուսիսային հատվածից, այնուհետեւ հարավային ուղղությամբ:

Նախորդ սահմանազատումը սկսվել էր Տավուշից, որովհետեւ այդտեղ կար հատուկ պատճառ, այդտեղ ճանապարհներն այնպես էին սարքված, որ մեր մայրուղին 4-5 անգամ հատում էր Ադրբեջանի սահմանը եւ Ադրբեջանի տարածքով անցնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը:

«Երբ 1990-ականներին պատերազմը սկսվեց, այդտեղով անցնող ճանապարհը դարձավ վտանգավոր, քանի որ գնդակոծում էին հայկական մեքենաները, Իջեւանից Նոյեմբերյան գնացող ճանապարհը փակվում էր: Հետեւաբար հայկական ուժերը որոշեցին այդտեղից որոշակի տարածք իրենց վերահսկողության տակ վերցնեն, որպեսզի այնտեղից գնդակոծող չլինի: Հիմա այդ հատվածները արդեն սահմանազատվել են եւ ճանապարհի երկայնքով փշալարեր են տեղադրվել: Հիմա սահմանազատումը շարունակվելու է այն հատվածներում, որտեղ մեր ճանապարհը մի քանի անգամ մտնում է Ադրբեջանու դուրս է գալիս: Եթե այդ հատվածը սահմանազատվի դեպի Ոսկեպար գնացող ճանապարհը կփակվի:

Այստեղ երկու լուծում կա, մեկն այն է, որ այդ հատվածը Ադրբեջանը փոխանակի այլ տարածքների հետ եւ դա մնա մեզ: Մենք Ադրբեջանին տանք այն տարածքները, որոնք հիմա էլ իրենց վերահսկողության տակ են: Այսինքն լինի փոխանակում, որը կլինի ամենադյուրին ճանապարհը, եթե կողմերն ուզում են խնդիրը լուծել: Իսկ եթե Ադրբեջանը չի ուզում հարցը լուծել, կասի՝ մենք ձեզ հողամաս չենք տալիս, ճանապարհը փակում ենք, դրանով այլեւս չեք կարող անցնել:

Այդ դեպքում մենք պետք է նոր ճանապարհ կռուցենք, որը կշրջանցի սահմանը: Բայց դա դյուրին հարց չէ, քանի որ այդտեղ լեռնային շրջան է, այստեղ բազմաթիվ թունելների, կամուրջների կառուցման կարիք կլինի, որը կտեւի մի քանի տարի»,- ընդգծեց քարտեզագիրը: 

Նա նկատեց, որ եթե որոշվի փոխանակման գնալ, հարցը պետք է գնա խորհրդարան, ԱԺ-ն պետք է վավերացնի, որից հետո հավանաբար, կարիք կլինի հանրաքվեի, քանի որ սահմանի փոփոխություն է տեղի ունենում, ուստի երկու կողմն էլ պետք է հանրաքվեի գնա:

Հարցին՝ արդյոք Հայաստանը չպետք է պնդեր, որ սահմանազատումը շարունակվի այն հատվածներից, որտեղ մենք ունենք կորցրած հողեր, Գալիչյանը պատասխանեց. «Եթե Տավուշի հատվածում խնդիրը լուծվի, հաջորդը արդեն կլինի Ջերմուկի հատվածում իրենց գրաված տարածքների հարցը եւ այդպես շարունակաբար գնանք մինչեւ Իրանի սահման. «ժամանակին Ալեւը ասում էր, որ որտեղ իմ զինվորը կանգնած է, մեր հողն է, մենք չենք դուրս գալու: Բայց անցյալ տարվա սկզբներին որոշեց ընդունել Ալմաթիի հռչակագիրը եւ վերադառնալ 1991 թվականի սահմաններին:

Երբ Տավուշի հարցը վերջանա, այդ ժամանակ մենք կհասկանանք՝ Ալիեւը ուզո՞ւմ է վերադառնալ 1991-ի քարտեզներին, թե՞ ժամանակ է ձգում, որ այդ հողերը վերցնելուց հետո ասի՝ սահմանազատումը կատարեցինք:

2020-ի պատերազմից հետո ադրբեջանցիները գնացին 1991-ի քարտեզով իրենց սահմանին կանգնեցին, բայց 2021-ի մայիսից հետո Ադրբեջանը սկսեց ներխուժել հայկական տարաք, իսկ մերոնք դիմադրություն ցույց չտվեցին, քանի որ մտածում էին, որ էսկալացիա կաող է լինել, հետեւաբար թողնենք այդ հարցի լուծումը պագային: Հիմա եկել է այդ ապագան եւ ժամանակն է, որ Ադրբեջանը դրանք վերադարձնի: Բայց իմ ունեցած տեղեկություններով իրենք Ներքին Հանդում եւ այլ տեղերում ամրապնդում են իրենց դիրքերը գրաված տարածքներում, ճանապարհներ են կառուցում: ՍԴա ցույց է տալիս, որ Ադրբեջանը միտք չունի դուրս գալու այդ տարածքներից: Իսկ եթե նման միտք չունի, էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր, ի՞նչ սահմանազատում ու սահմանագծում: Տավուշով կվերջանա սահմանազատումը»,- ընդգծեց Գալիչյանը:

Նա շարունակեց, որ եթե Ադրբեջանն ուզի, շատ արագ կարող է Հայաստանին վերադարձնել իր գրաված 240 քառակուսի կմ տարածքը, բայց դրանով խնդիրները լրիվ չեն լուծվում: «Օրինակ, Գորիս-Կապան ճանապարհը հենց սահմանն է, սահմանը անցնում է ճանապարհի մեջտեղով: «Հավանաբար, այստեղ էլ պետք է հողերի փոխանակում լինի կամ նոր ճանապարհ կառուցվի: Այդ խնդիրները տարիներ են տեւելու: Ադրբեջանի կողմից հողերի վերադարձի հարցը կարելի է մի քանի ամսում կարգվորել, եթե լինի ցանկություն»,- ընդգծեց քարտեզագիրը: