
Երևանի կենտրոնը աղետի գոտու է վերածվել. Վարդանյան
«Երևանի կենտրոնը բնապահպանական աղետի գոտի է հիմա, այստեղ գոգավորությամբ, փոսով պայմանավորված մենք տասնյակ հարցեր ունենք, այստեղ ամենաշատ կառուցապատումն է իրականացվում, ջերմային կղզիների ամենածանր վիճակն է, աղմուկի շատ բարձր մակարդակ է», – «Փաստինֆո»-ին ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։
Երեւանի օդի աղտոտվածության եւ փուշու թույլատրելի քանակը գերազանցող տվյալների հրապարակվելուց հետո քաղաքապետարանն այսօր հաղորդագրություն տարածեց, թե այս տարվա ընթացքում տնկվել է շուրջ 5000 արժեքավոր ծառատեսակ, որի ավելի քան 95 տոկոսը կպչողականություն է ապահովել։ Վարդանյանը նախ ժամանակավրեպ գնահատեց կպչողունակության տոկոսի վերաբերյալ հավաստիացումը՝ նշելով, որ չի կարելի նման համոզմունք հայտնել, քանի դեռ ծառը չի անցել իր ֆունկցիոնալությանը։
«Մեր անտառների վերականգնման ծրագիրը անհասկանալի է արվել, որվհետև, կարծես թե, 30 տեսակի խառնիխուռն ծառեր են բերել տնկել»,- ասաց տիկին Վարդանյանն ու ավելացրեց. «երբ խոսում ենք կանաչ գոտիների ավելացման մասին, ապա պետք է հասկանանք, որ բույսի ամրանալու համար տարիներ են պետք, որ ձևավորվի սաղարթը, սկսի էկոծառայության ֆունկցիան, եւ միայն այդ ժամանակ իրավունք կունենանք ասելու, որ ունենք անտառաշերտ»։
Նրա փոխանցմամբ՝ Ծիծեռնակաբերդի տարբեր հատվածներում կանաչապատում է արվել, բայց տնկիները դեռ շատ փոքրիկ են, երբ ծառերի սաղարթները մեկը մյուսին կկպնեն, անտառը կձևավորվի, այն ժամանակ էլ կգրանցենք արդյունքը։ Իսկ Երևանի ճեպուղիներից հեռացված ծառերի փոխարեն տնկվածները, երբ ծառ կդառնան «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Վարդանյանն ասաց. «Լավ ասացիք, երբ ծառ կդառնան, իսկ կդառնա՞ն արդյոք։ Չափազանց մեծ սխալ են գործել Երևանի ծառերը ոչ կլիմայական ծառերով փոխարինելով։Ինչպե՞ս կարելի է ուղղակի արթնանալ և ասել այս 5 փողոցում մենք ծառերը կտրում ենք՝ ունենալով միջազգային փորձագետների խիստ բացասական կարծիք։ Երևան քաղաքն անգամ գլխավոր դենդրոլոգ չունի»։
Ըստ նրա՝ Երևանի փողոցներից հանել են պաշտպանական առաջին շերտը, մինչդեռ փողոցների կանաչապատումը սովորական տնկարկում չէ, այն արտանետումներից, աղմուկից ու փոշուց, ուլտրամանուշակագայուն ճառագայթներից պաշտպանության առաջին շերտն է։
«Հանվել է սանիտարական առումով ամենաուժեղ ծառատեսակներից մեկը։ Ժամանակին Երևանի համար թեղին պատահական չեն ընտրել են, այլ գիտական ուսումնասիրություններն են ցույց տվել, որ այն փոշին նստեցնելու ամենամեծ ունակությամբ ծառատեսակն է։ Մինչդեռ, դրա փոխարեն տնկել են ցածր արդյունավետության ծառեր՝ Հուդայածառ, Ալբիցիա,Սակուրա, որոնք ուղղակի բարձր դեկորատիվ հատկանիշներ ունեն։ Այդ ծառերը քաղցկեղածին փոշին իջեցնելու և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու խնդիրը չեն լուծում։ Բացի այդ, թեղի ծառատեսակի սերմով սնվում են նաեւ թռչունները, այդ սերմը առանձնանում է ճարպի պարունակությամբ, եւ ծառերի նվազեցումը բացասական է ազդել նաեւ մեր թռչունների սննդային բազայի վրա, զրկել նրանց այդ հատվածում բնադրելու հնարավորությունից»,- նշեց ավագանու ընդդիմադիր անդամը։
Նրա գնահատմամբ՝ մայրաքաղաքի կենտրոնում մեկ որոշմամբ ծառատեսակի փոփոխություն կատարելիս քաղաքային իշխանությունները մեկ միլինանոց շոգ քաղաքի կետրոնական մի քանի փողոց զրկել են ծառերից մոտ 10 տարով։
«Ես նաև հարցումների միջոցով պարզել էի, որ ծրագրի իրականացման համար չեն խորհրդակցել ոչ մի պետական ինստիտուտի հետ՝ ո՛չ Բուսաբանության ինտիտուտի, ո՛չ Առողջապահության նախարարության, ո՛չ Ագրարային համալսարանի հետ։ Ինքս հարցումներ էի արել միջազգային փորձագետների՝ Ֆրանսիայի լանշաֆտային ճարտարապետության ասոցացիայի գիտխորհրդի նախագահին, Քեմբրիջի համալսարանին ու մի քանի այլ կազմակերպությունների ու ստացել էի նմանատիպ պատասխաններ, որ նման շոգ քաղաքում անթույլատրելի է ծառերի կտրուկ փոխարինում, առավել ևս որ ունենք 5 անգամ պակաս մեզ անհրաժեշտ կանաչ տարածքներ»,- նշեց Քրիստինա Վարդանյանը՝ ավելացնելով, որ այդ հարցումների պատասխանները փոխանցել է քաղաքապետին, բայց ծրագրի իրականացումը չդադարեցրեցին եւ քաղաքը կանգնեցրեցին աղետի առաջ։
«Եթե այդքան լավ բան էին ուզում անել Երևանի համար, ապա Կենտրոնին ձեռք տալ պետք չէր, այլ պարզապես կենտրոնանալ լանջերի կանաչապատման վրա», – ասաց Վարդանյանը։