24.01.2025
  • 24.01.2025

Այս իշխանությանը 4 տարի պահանջվեց, որ հասկանան, թե Թուրքիան ինչ է ուզում, իրականում սահմանը բացելու համար որևէ բանագնաց կարգելու անհրաժեշտություն չկա. Թուրքագետ

Թե ինչու ԱԳՆ-ն չի հայտարարել հանդիպման մասին՝ դժվար է ասել, միգուցե, անհրաժեշտություն չեն տեսել կամ գուցե պարզապես բացթողում է, ամեն դեքում՝ մենք տեսնում ենք, որ որևէ տեղաշարժ չկա՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով մեկ ամիս առաջ Հայաստանի և Թուրքիայի կառավարությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որի մասին ԱԳն-ն չէր հրապարակել տեղեկատվություն։

«Մենք տեսնում ենք, որ հայկական կողմը թմբկահարում է, որ անցակետի ու մինչև անցակետ ճանապարհի վերանորոգումներն ավարտված են ու ամեն բան պատրաստ է բացման համար, բայց թուրքական կողմից զրո աշխատանք այս ուղղությամբ։ Եթե մի երկիր ցանկանում է կարգավորել հարաբերությունները, ապա շատ արագ կարող էր անել դա, հատկապես, որ Թուրքիան իրականում ֆինանսի խնդիր չունի։ Թե ինչու չի արել, կարծում եմ, դա էլ ակնհայտ է՝ սպասում է Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրմանը։

Այս իշխանությանը 4 տարի պահանջվեց, որպեսզի հասկանան, թե Թուրքիան ինչ է ուզում, այսինքն, 4 տարի բանակցելուց հետո հասկացան, որ Թուրքիան ուղղակի չի բացում սահմանը»,- նշեց փորձագետը։

Իսպիրյանը նաև ընդգծեց, որ իրականում սահմանը բացելու համար որևէ բանագնաց կարգելու անհրաժեշտություն չկա, առավել ևս նման հանդիպումների կարիք էլ չկա։ «Հարաբերությունները կարգավորվում են դիվանագիտական նորմերին համապատասխան՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների համապատասխան բաժինները միմյանց հետ կապ են հաստատում և գործընթացը սկսվում է։ Դրա համար կարիք չկա, որ բանագնացները գնան՝ Վիեննայում, Մոսկվայում նստեն խոսեն։ Հարաբերությունները կարգավորելու շուրջ խոսում են ԱԳ նախարարները, եթե երկու կողմերը ունենում են քաղաքական կամք՝ սահմանները ուղղակի բացվում են»։