Սիրիայում գրանցած հաղթանակը կարող է դառնալ հենց Թուրքիայի ճակատագրական պարտության սկիզբը. Թուրքիան կարող է մասնատվել. Կիվիրյան
Սիրիայում Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումը նշանակում էր, որ Մերձավոր Արևելքում և մեր տարածաշրջանում Թուրքիայի դիրքերը կտրուկ ուժեղանալու են, և, դրան համապատասխան, կտրուկ թուլանալու են Իրանի և Ռուսաստանի դիրքերը։ Եթե Իրանը և Ռուսաստանը իրենց դիրքերը ամրապնդելու միջոցներ չգտնեն, ապա կարող ենք ասել, որ դիրքերի գահավիժում է տեղի ունեցել և բերելու է փլուզման։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանը։
Բանախոսի դիտարկմամբ, երբ Իրանն ու Ռուսաստանը չկարողացան վերջնական գրավել Իդլիբն ու վերջ դնել այնտեղ թուրքական ներկայությանը, ապա պարզ էր, որ ժամանակի ընթացքում սա փլուզման էր բերելու։ Իսրայելը կապիտալ պատրաստվել էր այս գործողությանը, որը համակարգվել էր Թուրքիայի կողմից՝ արևմտյան որոշ պետությունների, օրինակ Բրիտանիայի հետ, և անցել հարձակման։
Փորձագետը նշում է, որ Թուրքիայի համար ամենակարևոր խնդիրներից մեկը քրդական հարցը լուծելն է։ Եթե չլուծվի Սիրիայի քրդերի հարցը, ապա մասնատվող պետությունների շարքում ապագայում տեղ կզբաղեցնի նաև Թուրքիան և այս հաղթանակը կլինի իր ճակատագրական պարտության սկիզբը։ Քրդերի վերահսկողության տակ են գտնվում Սիրիայի նավթի պաշարները, իսկ Թուրքիային գումար կարող է գալ այդ նավթից, ուստի այդ տարածքները Թուրքիայի համար ոչ միայն քաղաքական, այլև ստրատեգիական կարևորություն ունեն։ Եթե այդ տարածքները մնան քրդերի վերահսկողության տակ, ապա դա կարող է հանգեցնել նրան, որ Սիրիայի քրդերը իրենց անկախությունը տարածեն նաև Թուրքիայի Քուրդիստանի վրա։
«Ռուսաստանը Սիրիայում ռազմաբազաներ ունի և իր համար կենսական է այդ ռազմաբազաները պահելը։ Իրանի պարագայում կտրվել է կապը դեպի Լիբանան, քանի որ Սիրիան Հեզբոլլահի թիկունքն էր։ Ուստի Մոսկվան և Իրանը ինչ որ առումով կախվածության մեջ են հայտնվում Թուրքիայից, եթե Մերձավոր Արևելքում Թուրքիան զիջման գնա, ապա այլ տեղում պահանջ է ներկայացնելու, որը կարող է Հարավային Կովկասը լինել»,- ասել է Ա․ Կիվիրյանը։