24.01.2025
  • 24.01.2025

Միջին Արևելքում գծվող նոր քարտեզից հիմնական օգտվողն Իսրայելն է. Հակոբ Բագրատունի

Լիբանանում 2025 թ.ի հունվարի 9-ին տեղի կունենա խորհրդարանի նիստ, որի ժամանակ նախատեսված է երկրի նախագահի ընտրությունը։ Հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին հայտնել է, որ խորհրդարանի նախագահը հիշյալ նիստին հրավիրել է նաև Լիբանանում գործող օտարերկրյա դեսպաններին։

«Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Թրամփի միջին արևելյան հարցերի խորհրդական Մասաատ Պուլոսի հայտարարութունը, թե լիբանանցիները ավելի քան երկու տարի սպասել են, մի քանի ամիս էլ կարող են սպասել թյուրիմացութուն է առաջացրել: Բայց և այնպես նախագահական ընտրությունը պետք է տեղի ունենա, եւ խորհրդարանի խոսնակը հորդորել է, որ քաղաքական ուժերը համաձայնության գան մեկ թեկնածուի շուրջ», – ասել է է Բագրատունին։

Հակոբ Բագրատունու փոխանցմամբ՝ արդեն մի քանի քաղաքական ուժեր հայտնել են մեկ թեկնածուի շուրջ համաձայնության գալու ու դրանով նախագահի ընտրությունը դյուրին դարձնելու մտադրության մասին: Հակառակ պարագայում քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարող անհրաժեշտ ձայներ հավաքել սեփական թեկնածուն առաջադրելու դեպքում։

Ըստ Բագրատունու՝ Լիբանանի անկախությունից ի վեր երկիրը իր ամենավատագույն վիճակում է գտնվում, եւ այդ մեծ բեռի տակ մտնող նախագահը պետք է համախոհության արդյունքում ընտրվի և ունենա խորհրդարանի նվազագույնը երկու երրորդի քվեները։

Անդրադառնալով՝ Իսրայելի հետ կնքած զինադադարին` Լիբանանի հայազգի խորհրդարանը այն շատ փխրուն է որակել։ «Մեկ շաբաթվա ընթացքում Իսրայելը 180 խախտում է արել հրադադարի», – ասել է Բագրատունին։ Ինչ վերաբերում է Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին, ապա նա դրանք պատահական չի համարել եւ կարծում է, որ դրանք ուղղակի առնչություն ունեն Լիբանանի և Իսրայելի միջև հայտարարված զինադադարի հետ։ Նա համոզմունք է հայտել, որ Սիրիան գրաված ուժերը վայելում են Թուրքիայի զորակցությունը։

«Այլապես Թուրքիայի դրոշը ինչո՞ւ պետք է ծածանվեր Հալեպի բերդի վրա և ինչպե՞ս է պատահում, որ այդ զինյալները թրքերեն են խոսում: Նաև պետք չէ մոռանալ Թուրքիայի նախկին վարչապետ Թուրգութ Օզալի եւ Թանսու Չիլերի արտահայտությունները, թե Հալեպը Թուրքիայի անբաժանելի մասնիկն է: Պետք է նկատի ունենալ Միջին Արևելքի քարտեզը փոփոխության ենթարկելու ճիգերը, իսկ արաբական երկրները պետք է մտածեն, որ Սիրիայի բաժանումը ի՞նչ է նշանակում. միայն Սիրիայո՞վ պետք է սահմանափակվեն, թե՞ հասնելու են մինչև Իրաք եւ արաբական այլ երկիրներ»,- շեշտել է Բագրատունին ավելացնելով, որ այս բոլորից օգտվող հիմնական կողմը Իսրայելն է։