24.01.2025
  • 24.01.2025

Հնդկաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Պուտինի և ՌԴ ՊՆ ղեկավարի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհին։

Կրեմլի տվյալներով՝ Ռաջնաթ Սինգհը աշխատանքային այցով Ռուսաստանում է։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ ավելի վաղ Մոսկվայում անցկացվել է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ռուս-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը։

«Հնդկաստանը Ռուսաստանի հիմնական գործընկերներից մեկն է, և մեր երկրների միջև հարաբերությունները առանձնահատուկ արտոնյալ ռազմավարական բնույթ ունեն։ Մեր երկրների միջև վստահության աննախադեպ մակարդակի մասին են վկայում ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ինտենսիվությունն ու խորությունը, որն աճի մեծ հեռանկարներ ունի»,-նշել է Անդրեյ Բելոուսովը։

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Հնդկաստանի պաշտպանության գերատեսչությանը «Տուշիլ» ֆրեգատի ռազմածովային ուժեր ընդունելու կապակցությամբ։

«Այժմ մեր համապարփակ կապերը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում ներառում են համատեղ զարգացումը, համատեղ արտադրությունը և այլ երկրներ արտահանման հնարավորությունը։ Դա արտացոլում է պաշտպանության և անվտանգության համար պատասխանատու մեր իշխանությունների միջև փոխվստահության և փոխըմբռնման բարձր մակարդակը։ Մենք կշարունակենք այս դրական ուղին»,-նշել է Հնդկաստանի պաշտպանության նախարարը: