16.02.2025
  • 16.02.2025

Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովել միայն ՀԱՊԿ-ը. Վլադիմիր Ջաբարով

Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովել միայն ՀԱՊԿ-ը. վաղ թե ուշ այն տարաձայնությունները, որոնք կան Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ մյուս երկրների միջև, կլուծվեն։ Այս մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կազմակերպության և Երևանի հարաբերություններում «անդառնալիության կետի» մասին։

«Ես հավատարիմ եմ մեր նախագահի ուրվագծած դիրքորոշմանը։ Հուսով ենք, որ վաղ թե ուշ այս տարաձայնությունները, որ Հայաստանը ունի Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս անդամների հետ, կհարթվեն։ Ես պարզապես չեմ տեսնում, թե ով կարող է փոխարինել, ով կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը արտաքին սպառնալիքի դեպքում, բացի ՀԱՊԿ-ից»,- նշել է ռուս սենատորը:

Հիշեցնենք, այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը նշել է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման իրավիճակն Արցախի հետ կապ չունի։ 

«Մենք ՀԱՊԿ-ի հետ էս մեր մասնակցությունը սառեցնելու համատեքստում Ղարաբաղի թեման ընդհանրապես չենք շոշափել։ Ինչ վերաբերում է փաստաթղթերին, ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներում, ինչը նշանակում է, որ մենք չենք մասնակցում ոչ մի փաստաթղթի մշակմանը, քննարկմանը, ո՛չ առաջարկ ենք տալիս, ո՛չ էլ առաջարկի նկատմամբ վերաբերմունք ենք արտահայտում, պարզապես նաև վետօ չենք դնում որևէ փաստաթղթի վրա, որովհետև մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, իրենք ինչ ուզում են՝ թող որոշեն, չենք մտնում իրենց գործերի արանքը, ասենք՝ վա՜յ, ստեղ մենք վետօ դնելու իրավունք ունենք։ Դա էլ` հաշվի առնելով հարգանքը գործընկերների նկատմամբ»,- նշել էր Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակն ու դրա վերաբերյալ հրապարակային արտահայտումները գնալով ավելի են դժվարացնում ՀԱՊԿ-ին վերադարձը։ Վարչապետի կարծիքով՝ անդառնալիության կետն արդեն անցել են։