Թեկուզ ինքնավարություն տան՝ ես կվերադառնամ, այնտեղ որդուս ու ամուսնուս գերեզմանն եմ թողել․ խնածախցի ուսուցչուհի
Խնածախցի ուսուցչուհի Դոնարա Վելյանին շատերն «ընկեր Վելյան» են դիմում, շատ սերունդներ է մեծացրել, տարրական դասարանների ուսուցչուհի է եղել, ունեի երկու զավակ՝ մեկ դուստր ու մեկ որդի, իսկ մեծ որդին զոհվել է 90-ականներին՝ Արցախի ազատագրական պայքարում։
«Մի երազանք ունեմ, որ նորից որդուս ու ամուսնուս գերեզմանին գնամ, ծաղիկ դնեմ, խունկ ծխեմ։ Ախր ի՞նչ արեցին մեզ հետ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է տիկին Դոնորան ու հոգոց հանում։
Խնածախում մեծ տուն են ունեցել՝ իր բոլոր հարմարություններով, իսկ բռնի տեղահանությունից հետո բնակություն է հաստատել Նորք -Մարաշում։
«Թող ներեն ինձ այդ տան տերերը, բայց մի գոմ է հիշեցնում, տանը տարրական կենցաղային պայմաններ ու ապրանք էլ չկար,ասենք մի թեյի բաժակ, որով թեյ կխմեինք մինչև ձեռքներս լիներ, մերը գնեինք, բայց 200 հազար վարձ ենք տալիս»,- ասաց մեր զրուցակիցը՝ չթաքցնելով իր վիրավորանքը՝ արցախցիների վերաբերյալ հնչեցվող գնատականների կապակցությամբ։
«Ողջ կյանքում աշխատել եմ,աշակերտներս ինձ սիրուն ու կոկի պետք է տեսնեին, որպես կին էլ ինձ շատ եմ հետևել, փառք Աստծո, անգամ հագուկապս միշտ կոկիկ ու գեղեցիկ է եղել, որ իմանաք, թե զգեստապահարանումս որքան գեղեցիկ զգեստներ, վերարկուներ եմ թողել…., բայց դա չէ խնդիրը, վիրավորվում ենք, որ արցախցիների հասցեին ավելորդ բաներ են ասում, մեր կամքով չէ, որ թողել ենք մեր տները, շատ էր վտանգավոր», -ասաց մեր զրուցակիցն ու նշեց, որ հիմա էլ կվերադառնա Արցախ, եթե մի կարգավիճակ տան ու անվտանգ լինի։
«Թեկուզ ինքնավարություն տան՝ ես կվերադառնամ, այնտեղ որդուս ու ամուսնուս գերեզմանն եմ թողել», – ասաց տիկին Դոնարան։
«Փաստինֆո»-ի հետ զրույցից ժամանակ եւս տիկին Դոնարայի ձեռքին էին փաստաթղթերը,, որոնք մտադիր էր ներկայացնել արցախցիների կարիքները գնահատող գրասենյակ՝ եվրոպական կառույցներին դիմելու համար։ Մի ձեռքին Խնածախի իր տան սեփականության վկայականն էր՝ Արցախի Հանրապետության զինանշանով, իսկ մյուսում՝ անձը հաստատող փաստաթղթերը։
Մինչ իրավապաշտպանները միջազգային հարթակներում փորձում են պայքարել արցախցիների իրավունքների համար, վերջիններս կարիք ունեն կեսնական առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու, ինչի համար օգնություն էր «40+10» ծրագիրը, որը դեկտեմբերի 1-ից ավարտվում է։
«Խնածախում հսկայական նորոգված, լավ պայմաններով տուն եմ թողել, չէի նախատեսել, որ Արցախից տեղահանվելու եմ, ՀՀ-ում տուն չունեմ»,- ասաց ուսուցչուհին՝ նշելով, որ չգիտեն, թե ինչպես են վճարելու տան վարձը՝ «40+10» ծրագրի ավարտից հետո։ Իսկ նոր ծրագրի բաղադրիչների մասին դեռ պատկերացում չունեն, չգիտեն, թե ինչպես են որոշելու առավել խոցելի խմբերին։ Դիկին Դոնարան հույս ունի, որ հաշվի առնելով իր թոշակառու, զոհված ազատամարտիկի մայր լինելը, գուցեեւ համարեն խոցելի խումբ։