Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ՝ հոկտեմբերի 26-ին Իրանի ռազմական օբյեկտների ուղղությամբ ավիաահարվածներ հասցնելու դիմաց։ Այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին։
«Սիոնիստական ռեժիմին (Իսրայելին-խմբ․) ռազմական պատասխան տալու որոշումն արդեն կայացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում»,- ասել է նա՝ Didban Iran-ին տված հարցազրույցում։
Էսմայիլ Քոսարին հավելել է, որ Իսրայելին տրվելիք պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան հոկտեմբերի 1-ին և մինչ այդ տրված հարվածներն են եղել, իսկ պատասխան գործողությանը ներգրավված կլինեն նաև Դիմադրության ուժերը։
«Մերձավոր Արևելքի դիմադրության խմբերը կմիավորվեն մեր զինված ուժերի հետ՝ Սիոնիստական ռեժիմին պատասխան տալու համար։ Այսպիսով, Իրանի ռազմական պատասխանը Սիոնիստական ռեժիմին անպայման կիրականացվի՝ Դիմադրության ուժերի հետ մեկտեղ։ Դա դաս կլինի նրանց համար, որպեսզի այլևս նման սխալներ չգործեն Իրանի նկատմամբ»,- ասել է Քոսարին։