Թեհրանը կպատասխանի Իսրայելին մահացու հարվածով՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները․ իրանցի գեներալ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղոլամռեզա Սոլեյմանին հայտարարել է, որ Իրանը դեռևս չի ցուցադրել Իսրայելին իր հզորությունը։ Ըստ նրա՝ Թեհրանը կպատասխանի «մահացու հարվածով»՝ օգտագործելով իր «թաքնված հնարավորությունները»: «Իրանի ժողովուրդը դեռ չի ցուցադրել իր ուժը սիոնիստ թշնամուն։ Իրանի ժողովուրդը թաքցնում է իր թշնամիներին դիմակայելու հսկայական ներուժ։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է, որ սիոնիստական խմբավորումը սխալվել է իր հաշվարկներում։ Նրա սխալը կհանգեցնի այն բանին, որ մենք մահացու հարված կհասցնենք Իսրայելին»,- նշել է Ղոլամռեզա Սոլեյմանին, փոխանցում է Defa Press-ը: Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռներով հարվածել է Իսրայելին։ Հոկտեմբերի 26-ին Իսրայելը հայտնել է պատասխան հարվածի մասին, որին մասնակցել է երկրի ռազմաօդային ուժերի ավելի քան 100 ինքնաթիռ: Թեհրանը հայտնել է Իսրայելի հարվածներին պատասխանելու մտադրության մասին։