11.12.2024 03:11
  • 11.12.2024

Ինձ շատ դժվար է ապրել նման չար, դաժան հասարակության մեջ. Սուսաննա Ղազարյան

By 30.10.2024 18:50 0

Բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը գրում է․

Վաղուց է, ինչ երկու խոսքով հանդես չեմ եկել։)))

Ճիշտն ասած, զգում եմ, որ կարիքը չկա, երբ ինստագրամյան և տիկտոկյան տիրույթում տեսնում եմ, թե ինչ աղետալի վիճակ է։ Մի տեսակ ամեն բան փոխվեց դեպի վատը… Թվում էր` պատերազմից հետո վերջապես պիտի խելքներս գլուխներս հավաքեինք, մեր ցավն ու կորուստները պիտի միաբանեին մեզ, բայց թվում է` մեծամասնության համար ցավ ու կորուստ չի էլ եղել, որ միաբանվելու միտում էլ լիներ…

Մերօրյա պահանջարկ ունեցող կարկառուն դեմքերը կամ հիմարներն են` հազարների հասնող դիտումներով, հավանումներով, կամ ճաշ պատրաստողները, կամ հայհոյողները, կամ դեմքի դիմակ պատրաստողները, կամ կնոջ դերի մեջ մտած` բեղերով տղամարդ կոչվածը, ով ասենք, ԱՄՆ-ի կյանքն է գովազդում, կամ էլ` Դուբայի շոկոլադ պատրաստողները։((((

Մեր հասարակությանը մշակույթ պետք չէ։ Ժամանցային խեղկատակությունները ավելի մեծ պահանջարկ ունեն այսօր։ Հետո էլ ասում են` ագրեսիվ են մարդիկ, բա ինչ պիտի լինեն։ Հանիր մշակույթը մարդու միջից, կենդանուց քիչ կտարբերվի։ Գուցե շատ տարբերվի` ավելի ուժգին ագրեսիա դրսևորելով։ Կատուն աղավնուն կերել էր, աղավնու տերը կատվի հետ հաշվեհարդար էր տեսնում, լավ, բա մարդու հետ ո՞վ հաշվեհարդար տեսնի, երբ լարի վրա կանգնած անմեղ աղավնուն սպանել էր։ Աղավնին տականքին ոչինչ չէր արել, պարզապես լարի վրա սիրուն կանգնած էր…

Ամենուր լպիրշ դեմքեր են` մեքենաների խլացուցիչներից ոռնոցներ արձակելով` թրևում են։ Մեկը մյուսին չի հանդուրժում, շատացել են դանակահարությունները, էլ չասեմ` պատահարները։ Երբեմն ինձ թվում է` սերը մեռել է։((((

Ինձ շատ դժվար է ապրել նման չար, դաժան հասարակության մեջ, ցավոք, մեծամասնություն է կազմում այդ որակը, ձեզ` չգիտեմ…

Ես չեմ ուզում համակերպվել, չեմ էլ փակվելու Ագռավաքարում, ոչ էլ հայրենիքս եմ լքելու, հողը մեղավոր չէ, որ իր վրա պետական մակարդակով պղծություն են տարածում։ Մշակույթի գործիչները շատ անելիքներ ունեն, անգամ եթե մեզ չեն լսում, եկեք ուղղակի պնդաճակատություն անենք և խոսենք, գործ անենք, չլռենք, անկյուն չքաշվենք, գուցե մի օր մեր ձայնը տեղ հասնի, գուցե մի օր գիրքը հաղթի շաուրմային, ո՞վ գիտի, գուցե մի օր իրոք մեր ձայնը հասնի……………

Ողջ եղեք…