Այս մարդիկ ոչ թե իշխանություն են, այլ՝ ոհմակ, չտեսների հավաքածու. Արամ Սարգսյան
Կառավարությունը Ընտրական Օրենսգրքում նոր փոփոխություններ է նախատեսում, որով ուզում են կարգավորել արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման դեպքում ընտրությունների ընթացքի կասեցման հարցը։ Ըստ այդ փոփոխության, եթե արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում ընտրության օրվանից հետո յոթ օրվա ընթացքում, ապա ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում և անցկացում:
Սա ենթադրում է, որ երբ հայտնի լինեն քվեարկության նախնական արդյունքները, ապա Կառավարությունը կարող է հայտարարել ռազմական կամ արտակարգ դրություն, որը կզրոյացնի արդեն իսկ կայացած ընտրության արդյունքները:
Կառավարության այս նախագիծն ի՞նչ է նշանակում և իշխանությունը սրանով ի՞նչ նպատակ է հետապնդում. հարցերին HayqNews-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր իշխանությունը վախենում է, որովհետև իր վարկանիշն ընկել է. «Այդ խմբակում՝ սկսած իր ղեկավարից, բոլորն էլ վախկոտ մարդիկ են: Հիմա իրենց վարկանիշը շատ ցածր է ու իրենք այդ մասին մեզնից լավ գիտեն: Դրա համար ինչ-որ բաներ են մոգոնում, որպեսզի ընտրությունների դեպքում կարողանան մնալ իշխանության»:
Արամ Սարգսյանը չի բացառում, որ ընտրություններ լինելու դեպքում իշխանությունը բավարար ձայները չհավաքելու դեպքում կարող է դիմել Ադրբեջանի օգնությանը. «Եթե հավաքած տոկոսը ՔՊ-ին չբավարարի, իրենք կխնդրեն եղբորը (իմա՝ Ադրբեջանին) ու կասեն, որ սահմանին մի բան անի, իրենք էլ արտակարգ իրավիճակ կհայտարարեն, կկասեցնեն ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ կանեն: Կամ կարող են դիմել երկրի ներսում գործող իրենց իշխանական ֆեյքերին, որ ընդդիմության անունից մի բան անեն ու էլի արտակարգ իրավիճակ հայտարարելու պատճառ լինի»:
Սարգսյանը ընդգծում է, որ այս իշխանությունները կախյալ են, դրսից են կառավարվում, հիմա էլ երևի դրիսց թելադրել են, որ անպայման պահպանեն իրենց իշխանությունը. «Այս մարդիկ ոչ թե ազնիվ իշխանություն են, այլ ոհմակ են, չտեսների հավաքածու, որոնք ոչինչ չունեին, իսկ հիմա ունեն և հասկանում են՝ եթե իշխանություն չլինեն, էլի ոչինչ չեն ունենա»,-ասաց Արամ Սարգսյանը: