04.11.2024 05:40
  • 04.11.2024

Ասֆալտից քամված հաց

By 26.10.2024 17:52 0

Երեկ Վաղոն շատ տարօրինակ հարցով էր եկել մոտս.

– Հարևան, մի հատ էն թունդ պապիրոսիցդ տուր քաշեմ, բերանս մի տեսակ ձութի համ ա ընկել ու դուրս չի գալիս:

– Վաղո, եթե մանկությունդ ես հիշել ու ձյութ ես ծամել՝ ասեմ, որ ավելի լավ կանեիր՝ սարի ծամոն ծամեիր:

– Ինչ ծամոն, այ մարդ, մի բանկետի էի հրավիրված… ոչ բարով: Էնտեղից էս մունդառ համը մնաց:

– Էդ որտե՞ղ:

– Քաղաքապետարանում: Մի խլուրդի էին մեծարում, շատ ճոխ սեղան էին գցել, դե ես էլ հո վայրենի չեմ, ուզեցի մի կենաց ասեմ, բայց էդտեղ համը դուս էկավ:

– Ի՞նչ կենաց ասեցիր:

– Ասեցի, որ շնորհակալ եմ հացի համար, հետո ասեցի, որ մեր պապերը քարից էին հաց քամում… բայց չթողին շարունակեմ, ասեցին՝ հլը հո՛պ:

– Խի՞ ասեցին՝ հլը հոպ:

– Դե, ասին, որ իրանք ոչ թե քարից են հաց քամում, այլ ասֆալտից:

– Ո՞նց թե՝ ասֆալտից:

– Բա՞, պարզվում ա, որ ասֆալտի ամեն խոշոր տենդերից մի տասը տարվա հաց են քամում, հլը կալբաս-մալբասն էլ հետը:

– Այ քեզ բան: Բա ի՞նչ արիր:

– Թքեցի ու դուրս էկա, բայց էս ձութի համը մնաց բերանս ու դուրս չի գալիս:

– Իզուր ես դուրս եկել, Վաղո: Մի քիչ էլ որ մնայիր՝ ուրիշ բաներ էլ կիմանայիր:

– Ի՞նչ բաներ:

– Դրանք մենակ ասֆալտից չեն հաց քամում, բորդյուրից էլ են քամում:

– Էդ ո՞նց:

– Շատ պարզ: Բորդյուրը առանց ցեմենտի են շարում, հետո մի տեղից պոկում՝ մի ուրիշ տեղ են շարում, ու էդպես բորդյուրից ահագին հաց են քամում:

– Յախք արա: Էդ պապիրոսիցդ մի քանի հատ էլ տուր:

Կարո Վարդանյան