11.12.2024 02:36
  • 11.12.2024

Եվս 1 թանկարժեք դեղ կհատկացվի պացիենտներին անվճար

By 18.10.2024 15:10 0

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. Դեղագործական ընկերության արտադրության Ռիաբինի (ռիտուքսիմաբ) 100մգ/10մլ թանկարժեք դեղը:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ B-բջջային ոչ հոջկինյան լիմֆոմաների ստանդարտ բուժման կարևորագույն այս դեղը կիրառվում է ինչպես առաջնակի ախտորոշված ոչ հոջկինյան ագրեսիվ և ինդոլենտ ընթացքով լիմֆոմաների բուժման դեպքում, այնպես էլ հիվանդության ռեցիդիվի և ռեզիստենտ ընթացքի  ժամանակ։

Ռիտուքսիմաբ ակտիվ նյութ պարունակող դեղերի կիրառումը ստանդարտ քիմիաթերապիայի ժամանակ ամբողջ աշխարհում համարվում է B-բջջային ոչ հոջկինյան լիմֆոմաների բուժման ոսկե ստանդարտ և հանդիսանում է բուժման կարևորագույն բաղադրիչ։ Բուժման արդյունքում բարելավվում է այս պացիենտների ընդհանուր ապրելիությունը` 50-70%-ից դարձնելով մինչև 90%։

Հայաստանում տարեկան ախտորոշվում է շուրջ 180 առաջնակի ոչ հոջկինյան B-լիմֆոմա։ Ժամանակակից գործելակարգերով նրանց բուժումը կազմակերպելու համար այս օժանդակությամբ կթեթևանա պացիենտների ֆինանսական բեռը` ապահովելով առավել արդյունավետ բուժում:

Բացի լիմֆոմաներից, դեղը կիրառվում է նաև բարորակ արյունաբանական հիվանդությունների դեպքում՝ իմուն թրոմբոցիտոպենիա և հեմոլիտիկ անեմիա, որպես երկրորդ գծի թերապիա։

 Դեղը պացիենտներին տրամադրվելու է բժշկական ցուցումներով` անվճար: